Հոկտեմբերի 2-ին հրեական աշխարհը դիմավորեց 5785 թվականի գալուստը։ Մենք էլ Երևանում նշեցինք այդ տոնը։
Այս տարի տրամադրությունը, իհարկե, այնքան էլ տոնական չէր. Իսրայելը ծանր պատերազմ է մղում՝ պաշտպանելով իր հողը և պայքարելով պատանդների ազատ արձակման համար։ Այնուամենայնիվ, շարունակելով դարավոր ավանդույթը, մենք դիմավորեցինք նոր հրեական տարին։ Դիմավորեցինք, ինչպես հարկն է՝ գինով, խալայով, ձկով և մեղրով խնձորով։ Աներևակայելի համեղ խալաների համար մեծ շնորհակալություն մեր մեծ բարեկամ, «Պիկանտ Գամ» ՍՊԸ-ի ղեկավար Անդրեյ Չալաբյանին, որը միշտ ապահովում է մեզ հացով և խալաներով բոլոր հրեական տոներին։
Հրեա ժողովրդի պատմությունը լավ ապագայի հույս է, հավատ հաղթանակի, որն անպայման կգա։ Իսկ այս տարի դա նաև հույս է, որ նոր տարին կբերի երկար սպասված խաղաղություն և պատանդների ազատագրում։ Զարմանալի չէ, որ հրեական պետության օրհներգը կոչվում է «Հա-Տիկվա», որը թարգմանաբար նշանակում է «Հույս»։ Ի դեպ, օրհներգը հնչեց նաև մեր տոնին. այն կատարեցին կոմպոզիտոր, Հրեական մշակութային կենտրոնի ղեկավար Վիլլի Վայները և նրա տեղակալ Արմեն Արնաուտովը։
Շնորհակալություն Վիլլի Վայներին տոնի կազմակերպման մեջ ֆինանսական մասնակցության համար։
Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանը ելույթ ունեցավ հյուրերի առջև, շնորհավորեց տոնի առթիվ և բոլորին մաղթեց լավ, քաղցր տարի՝ «Շանա տովա ու-մետուկա»։
Ավանդույթի համաձայն՝ ընթերցվեց գինու և խալայի օրհնության աղոթքը, և տոնը սկսվեց։ Հյուրերի առջև ելույթ ունեցան մեր երգչուհիներ Իրինա Գրիգորյանը և Վելիսան։ Նրանք հրաշալի կատարեցին երգեր եբրայերենով և հայերենով։
Մենք երախտապարտ ենք մեր բոլոր հովանավորներին, առանց որոնց այս տոնը չէր կայանա։ Դրանք են մեր ռաբբի Գերշոն Մեիր Բուրշտեյնը, որը տոնին բերեց գինի և մեղր, Իլյա Դորֆմանը՝ խնձորների համար, Սամվել Ներսեսյանը՝ ֆինանսական աջակցության համար և, ինչպես արդեն ասվեց, Վիլլի Վայները։
Եվս մեկ անգամ մաղթում ենք մեր բոլոր բարեկամներին քաղցր նոր տարի՝ «Շանա տովա ու-մետուկա»։












Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 10 (250) համարում, 2024 թ. հոկտեմբեր։
