Հինգշաբթի, ապրիլի 28 (նիսանի 27)։ Այս օրը նշվում է Եվրոպական հրեության Աղետի և հերոսության օրը, որը սահմանվել է ի հիշատակ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների և նրանց հանցակիցների կողմից սպանված վեց միլիոն հրեաների։ Եվ Հայաստանի հրեական համայնքի անդամները հավաքվեցին «Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերին» հուշարձանի մոտ։
Շատ մարդ էր եկել։ Մեր համայնքի անդամներից բացի, հանրահավաքին ներկա էին Ռուսաստանից եկած հրեաներ, որոնք ստեղծված հանգամանքների բերումով հայտնվել են Հայաստանում, Հայաստանի կառավարության ներկայացուցիչներ՝ ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերով բաժնի պետ Վարդան Ասցատրյանը և ազգային փոքրամասնությունների հարցերով վարչապետի աշխատակազմի հատուկ ներկայացուցիչ Նարա Գուլյանը, Հայաստանի գլխավոր ռաբբի Գերշոն Մեիր Բուրշտեյնը, Հայաստանի գերմանացիների համայնքի համանախագահ Մարտին Մինասյանը և ուրիշներ։ Շատ էին երիտասարդները. հենց նրանց համար էր հնչում մեր միջոցառման գլխավոր ուղերձը՝ «Այլևս երբեք»։
Հանրահավաքը բացեց Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանը։ Նա շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր այդ օրը եկել էին հարգելու զոհերի հիշատակը։
Գերշոն Մեիր Բուրշտեյնը ողջույնի խոսք ասաց և կարդաց Կադիշը։ Ներկաների առջև ելույթ ունեցան նաև Վարդան Ասցատրյանը, բանաստեղծ, արձակագիր, լրագրող, Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լիստենգորտը, «Մագեն Դավիթ» թերթի խմբագիր Ադելինա Լիվշիցը։ Երևանյան հայտնի դերասան, մեր համայնքի անդամ Արսեն Կոլոմեերը շատ հուզիչ կարդաց Հոլոքոստի մասին բանաստեղծություն։ «Լռություն» եբրայերեն բանաստեղծությունը կարդաց մեր համայնքի երիտասարդության ներկայացուցիչ Մարինա Գոմցյանը։
Հուշարձանին ծաղիկներ և ծաղկեպսակներ դրվեցին, մոմեր վառվեցին ի հիշատակ Հոլոքոստի կրակում զոհվածների։
Շատ հուզիչ և ջերմ խոսքեր հնչեցին այն մասին, որ նման բան չպետք է կրկնվի։ Հուսով ենք, որ այդ խոսքերը հասան հանրահավաքին ներկա յուրաքանչյուրի սրտին։
Ադելինա Լիվշից









Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 5 (221) համարում, 2022 թ. մայիս։
