ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱՄԱԿ ԲՈԼՈՐ ՀԱՅԵՐԻՆ

Իսրայելցի նկարիչ Սաշա Օկունը պատանեկությունից ընկերություն է անում հայերի հետ և մի քանի անգամ ճանապարհորդել է Հայաստանում՝ սիրելով երկիրը և մարդկանց որպես իր հարազատների։ Հետևելով Արցախում կատարվողին՝ Սաշա Օկունը որոշեց աջակցության նամակ գրել բոլոր այն հայերին, որոնց ճանաչում և սիրում է։ Նամակ՝ ընդհանրապես բոլոր հայերին։

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ակտիվ բանավեճ առաջացրեց համացանցում։ Ես ամենևին մտադիր չեմ ներքաշվել քննարկման մեջ։ Գրում եմ այս տեքստը ոչ թե որովհետև «Չեմ կարող լռել», լիովին կարող եմ, այլ որովհետև ամաչում եմ այն մարդկանց առջև, որոնց սիրում եմ։ Այս թեմայով բազմաթիվ գրառումներում խոսվում է հայերի հակասեմականության մասին։ Ես Հայաստանում եղել եմ երկու անգամ՝ 1978 թվականին։ Ես ոչ միայն ոչ մի անգամ չեմ բախվել հակասեմականության դրսևորումների, այլ ընդհակառակը՝ ԽՍՀՄ-ում ոչ մի տեղ ինձ այնքան ազատ և լավ չեմ զգացել, որքան Հայաստանում։ Անթիվ անգամներ հայերից լսել եմ մեր ժողովուրդների ճակատագրերի նմանության մասին։ «Մենք շատ ենք անհանգստանում, թե ինչպես եք դուք ԱՅՆՏԵՂ», իմանալով, որ ես հրեա եմ, խորհրդավոր ասաց «Ախթամար» կոնյակի հեղինակը՝ Երևանի կոնյակի գործարանի գլխավոր տեխնոլոգը։ Ես երբեք չեմ մոռանա Եղեգնաձորի շրջանի Գլաձոր գյուղից Վանիկ Յաղյանին և նրա կնոջը՝ Վերային։ Տա Աստված, որ ես իմ հյուրերին ընդունեմ այնպես, ինչպես նրանք ընդունեցին իրենց անծանոթ մարդկանց։ Գիշերը, Գառնիում մոլեգնող ձնաբքի ժամանակ, մեզ ապաստան տվեց տեղի դպրոցի ուսուցիչը։ «Բայց մենք տասը հոգի ենք»։ «Ես չհարցրի, թե քանի հոգի եք, ես ասացի՝ գնանք ինձ մոտ տուն»։ Այնտեղ՝ սեղանի շուրջ, որտեղ պատահականությունը համախմբել էր տարբեր մարդկանց՝ հայերի, հրեաների, ռուսների, բքի ոռնոցի տակ ես առաջին անգամ զգացի, թե ինչ է մարդկանց սուրբ եղբայրությունը, և դա կրկին զգալ ինձ տրվեց միայն մեկ անգամ՝ բանակում, պատերազմի ժամանակ, շաբաթի դիմավորման ժամանակ։

Ես երբեք չեմ մոռանա Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Հենրիկ Իգիթյանին։ Իմանալով, որ պատրաստվում եմ մեկնել, նա ասաց. «Օրհնում եմ քեզ։ Բայց իմացիր, Սաշա, եթե Իսրայել չգնաս, ես քեզ կարհամարհեմ»։ Այս խոսքերը ոչ վերջին հերթին ազդեցին իմ բնակության վայրի ընտրության վրա։ Քուչակի բանաստեղծությունները, Կոմիտասի երաժշտությունը, Ավետիսյանի գեղանկարչությունը իմ կենսամիջավայրն են։ Երբ լսում եմ «Կռունկը», կոկորդս սեղմվում է այնպես, ինչպես երբ լսում եմ իդիշ երգեր։ Ես գիտակցում եմ, որ բավականաչափ մարդիկ կան, որոնք շատ լավ բաներ կասեն Ադրբեջանի և ադրբեջանցիների մասին։ Հրաշալի է։ Որքան շատ են կապերն ու կապվածությունները, այնքան ավելի մարդ ենք մենք։ Ես սիրում եմ իմ երկիրը, ես իսրայելցի ազգայնական եմ, բայց դա ինձ չի խանգարում լինել հայ, կատալոնացի, գալիսիացի, պրովանսցի, ֆրիուլցի ազգայնական և Հռոմը համարել իմ հարազատ քաղաքը։ Իսկական ազգայնականությունն այն չէ, որ քո ժողովրդին ուրիշներից լավը համարես։ Այն ժողովուրդների ինքնատիպության, մարդկանց բազմազանության հանդեպ հարգանքի մեջ է։

Այն, ինչ կատարվում է Ղարաբաղում, սարսափելի է, որովհետև այնտեղ մարդկանց են սպանում։ Երբ իսրայելցի փրկարարների թիմը ժամանեց Սպիտակ, ես հպարտանում էի իմ երկրով։ Բայց հիմա, երբ պատերազմ սկսած երկիրն օգտագործում է նաև Իսրայելում արտադրված զենք, ես ամաչում եմ իմ երկրի համար։ Ինձ հայտնի են Իսրայելի և Ադրբեջանի կապերը բացատրող բոլոր փաստարկները, և ես մտադիր չեմ դրանք վիճարկել։ Բայց տրամաբանությունը և ողջամտությունը միշտ չէ, որ ներդաշնակ են էթիկայի և սրտի հետ։ Հենց տրամաբանությունը և ողջամտությունը ծառայեցին որպես արդարացում դաշնակիցների հրաժարմանը՝ ռմբակոծելու Բիրկենաուի վառարանները և դեպի Օսվենցիմ տանող երկաթուղային գծերը։

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շատ առումներով հիշեցնում է իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը։ Նույնիսկ Խոջալուի կոտորածն ունի իր զուգահեռը մեր պատմության մեջ՝ Դեյր Յասինի տեսքով, ճիշտ այնպես, ինչպես Հեբրոնի ջարդն արտացոլվում է Բաքվի և Սումգայիթի ջարդերում։ Սրիկաներ կան բոլոր ժողովուրդների մեջ, և, ցավոք, հայերն ու հրեաները բացառություն չեն. հենց նոր լույս տեսավ Ադամ Ռազի գիրքը Անկախության պատերազմում հրեական թալանի մասին։ «Նա առաջինը սկսեց» կամ «Ես առաջինն էի» տիպի փաստարկները ոչնչի չեն հանգեցնում և չեն կարող հանգեցնել։ Բայց կա մի, իմ կարծիքով, ոչ պակաս կարևոր հանգամանք. հայերը կռվում են իրենք, իսկ հակառակ կողմում վարձկաններ են, ընդ որում այնպիսիք, որոնց մենք շատ հնարավոր է շուտով տեսնենք մեր սահմանների մոտ։ Եվ, վերջապես, Էրդողանը՝ մի մարդ, որը երազում տեսնում է իմ երկրի ոչնչացումը, միանշանակ աջակցում է Ադրբեջանին։

Ինչ էլ որ լինի, միանգամայն ակնհայտ է, որ այս պատերազմը «ելք չկա» պատերազմներից չէ։ Ավելի ճիշտ՝ այն «ելք չկա» պատերազմ է հայերի համար։ Այս պատերազմը սկսված է գիտակցաբար, պատերազմ, որում որևէ անհրաժեշտություն չկա, և, հետևաբար, հանցավոր պատերազմ, ինչ պատճառներով էլ որ այն արդարացնեն։

 

Նկարիչ, լրագրող, հեռուստա- և ռադիոհաղորդավար Սաշա Օկուն (Իսրայել)։

Ծնվել է 1949 թվականին Լենինգրադում։ 1970-ական թվականներին եղել է «Ալեֆ» խմբի անդամ, անդերգրաունդի ակտիվ մասնակից, ցուցադրվել է նոնկոնֆորմիստների առաջին ցուցահանդեսներին Լենինգրադի Ի. Գազի անվան և «Նևսկի» մշակույթի տներում, ինչպես նաև ԱՄՆ թանգարաններում և պատկերասրահներում, մասնավորապես՝ Կլուտցնիկ (Վաշինգտոն), Մագնես (Բերքլի, Կալիֆոռնիա) և Սքիրբոլ (Լոս Անջելես, Կալիֆոռնիա) թանգարաններում։

1979 թվականին հայրենադարձվել է Իսրայել։ Ալեքսանդր Օկունը Իսրայելի «Բեցալել» գեղարվեստի ակադեմիայի դոցենտ է և Բելարմին քոլեջի (Լուիսվիլ, ԱՄՆ) ասոցացված պրոֆեսոր։ 1996 թվականին դարձել է Իսրայելի ներգաղթի նախարարությանն առընթեր կերպարվեստի հանձնաժողովի նախագահ, իսկ 2000-ից 2005 թվականներին եղել է Երուսաղեմի նկարիչների և քանդակագործների միության նախագահ։

Ապրում և աշխատում է Երուսաղեմում։