Խորհրդային ֆուտբոլիստ և իսրայելցի մարզիչ Հայաստանում

Մեր ընթերցողները գիտեն, և մենք բազմիցս ընդգծել ենք, որ մեր թերթն ունի որոշակի ուղղվածություն, այն է՝ Հայաստանի և Իսրայելի փոխկապակցվածությունը, ընդ որում՝ ցանկացած բնագավառում։ Եվ այս անգամ մեզ հաճելի կլինի ձեզ ծանոթացնել մի մարդու, որը կոնկրետ իրականացնում է այդ փոխկապակցվածությունը։ Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում ֆուտբոլն է։ Խոսքը Ալբերտ Սոլոմոնովի մասին է։ Նա Իսրայելից եկել է Հայաստան՝ որպես Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ։

Ալբերտ Սոլոմոնովը լեռնային հրեա է, ծնվել է Դերբենդում։ Հրաշալի մտավորական ընտանիքից սերված տղան մանկուց տոգորվել է սիոնիզմի ոգով և երազում էր երկու բանի մասին՝ ֆուտբոլ խաղալ և ապրել Իսրայելում։ 18 տարեկանում տեղափոխվել է Իսրայել, որտեղ 1996 թվականից սկսել է աշխատել որպես ֆուտբոլի մարզիչ։ Կարելի է ասել, որ Սուրբ երկրում նրա կարիերան շատ հաջող է դասավորվել։ Ալբերտը հիանալի ֆուտբոլիստ է, որը խաղացել է ԽՍՀՄ պատանեկան հավաքականում։ Բայց ժամանակին ստացած վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել մարզական կարիերան, փոխարենը կայացավ որպես վառ մարզիչ։ Նա մարզել է Իսրայելի երիտասարդական լիգայի թիմեր, ստեղծել է ֆուտբոլի դպրոց և դրանց հետ դարձել երկրի չեմպիոն երիտասարդական թիմերի շրջանում։ Որոշ ժամանակ Սոլոմոնովն աշխատել է Իսրայելի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ։

Ալբերտը Իսրայելի հեռուստատեսության 9-րդ ալիքի մեկնաբան է, ելույթ է ունենում պետական և մասնավոր ռադիոկայաններով, ակտիվորեն մասնակցում է հրեական պետության հասարակական կյանքին։ Ի դեպ, սիոնիզմի գաղափարներն էլ իրենց մարմնավորումը գտան Ալբերտի կարիերայում։ Մի քանի տարի նա «Սոխնութի» ներկայացուցիչն էր, հաճախ էր Իսրայելից գալիս ԱՊՀ երկրներ և մասնակցում կրթության բաժնի բազմաթիվ նախագծերի։

Ալբերտ Ռոմանովիչ Սոլոմոնովը նախկին ԽՍՀՄ երկրներից 1990-ականների զանգվածային հայրենադարձության ալիքի առաջին և առայժմ միակ ներկայացուցիչն է, որը նվաճել է Իսրայելի Ազգային լիգայի թիմի գլխավոր մարզիչ դառնալու իրավունքը։ Նա ավարտել է Թել Ավիվի համալսարանի Սպորտի ակադեմիան։ Այժմ նրա մարզչական կարիերան վերելք է ապրում։

Շատ հետաքրքիր էր լսել Ալբերտի խորհրդածությունները ֆուտբոլի մասին։ Նա կարծում է, որ «ֆուտբոլը մարդկանց մերձեցնող խաղ է, ազդեցության յուրօրինակ ոլորտ, երկրագնդի բնակչության հսկայական մասի սերը։ Վերջիվերջո, ֆուտբոլը յուրօրինակ խորհրդանիշ է, բրենդ»։

Մենք, իհարկե, հնարավորություն կունենանք անձամբ ծանոթանալու Ալբերտի հետ. Վանաձորը Երևանից այնքան էլ հեռու չէ, իսկ առայժմ մաղթենք պարոն Սոլոմոնովին հաջող աշխատանք Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում։

Մինչ համարը էջադրվում էր։

Ահա և առաջին հաջողությունը. «Արարատ-Արմենիա» թիմի հետ խաղում «Լոռի» ֆուտբոլային ակումբը հաղթեց 2:1 հաշվով։

Մեր շնորհավորանքները, Ալբերտ Ռոմանովիչ։ Հետագա հաջողություններ Ձեզ։