Այս դժվարին օրերին շատ քաղաքագետներ և փորձագետներ գրում և խոսում են Ղարաբաղի պատերազմի մասին։ Վերջերս 15-րդ գումարման Քնեսեթի պատգամավոր, «Հայաստան – Իսրայել» միջազգային հասարակական ֆորումի համանախագահ Ալեքսանդր Ցինկերը հարցազրույց տվեց VERELQ վերլուծական կենտրոնին։
Այստեղ ներկայացնում ենք հատվածներ այդ հարցազրույցից։
— Պարոն Ցինկեր, ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Սա տարածաշրջանային պատերա՞զմ է՝ ավելի լայնածավալ հեռանկարով։
— Խոսքն Արցախի քաղաքացիների դեմ իսկական պատերազմի մասին է, որը սանձազերծել է Ադրբեջանի ղեկավարությունը Թուրքիայի անմիջական դրդմամբ և ռազմական աջակցությամբ, որն իր կողմն է ներգրավել Մերձավոր և Միջին Արևելքի երկրներից հազարավոր իսլամիստ ահաբեկիչների։
Թե ինչպես կզարգանան իրադարձությունները հետագայում, ասել շատ դժվար է։ Մի կողմից աշխարհում լսվում են բոլոր միջազգային կազմակերպությունների, հասարակական գործիչների և հասարակ քաղաքացիների կոչերը՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և նստել բանակցությունների սեղանի շուրջ, իսկ մյուս կողմից՝ ո՛չ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ո՛չ Մինսկի խմբի համանախագահ երկրները (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա), ո՛չ Եվրոպայի խորհուրդը, ոչ ոք չի ցանկանում ուղղակիորեն ներքաշվել ռազմական հակամարտության մեջ։ Եվ դրանից շատ լավ օգտվում է Թուրքիան, որն արդեն հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում իր զորքերը կուղարկի Ադրբեջան։
Կարծում եմ, որ գործնականում բոլորը, բացի թերևս Թուրքիայից, շահագրգռված չեն, որ ռազմական հակամարտությունը վերաճի ինչ-որ լայնածավալ բանի։ Ցավոք, «չշահագրգռվածությունից» այն կողմ գործը չի շարժվում, իսկ Արցախում այդ ընթացքում շարունակում են զոհվել խաղաղ բնակիչներ։
Ինչպիսի՞ն եք տեսնում այս իրավիճակից ելքը, կարելի՞ է կանգնեցնել պատերազմը և ինչպե՞ս։
— Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի վերջնական լուծման միակ իրական քայլը կարող է լինել միայն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը։ Նման ազդանշանը թույլ կտա կանգնեցնել Ադրբեջանի սանձազերծած պատերազմը և ցույց կտա Թուրքիային, որ նրա դիրքորոշումը հակասում է միջազգային հանրության կարծիքին, և նրա ագրեսիան այս տարածաշրջանում կարող է բախվել լուրջ հակահարվածի։ Խաղաղության պայմանագիրը պետք է անպայման լինի փաթեթային, որում միանգամից պետք է նշված լինի վերջնական արդյունքը, այն է՝ Արցախի անկախությունը և նրա տարածքային կապը Հայաստանի հետ։ Իսկ դրան հասնելը կարող է ներկայացվել ժամանակային և տեխնոլոգիական հաջորդականությամբ։
— Իսրայելը համարվում է Ադրբեջանին զենք մատակարարող ամենախոշոր երկիրը, Ղարաբաղում մենք տեսանք գործողության մեջ իսրայելական զենքը, որը սպանում էր և շարունակում է սպանել հայերին։ Գործնականում Իսրայելի հետ հարաբերությունները ներկայումս մեզ մոտ սառեցված են, իսկ հոկտեմբերի 1-ին Երևանը Թել Ավիվից հետ կանչեց իր դեսպանին։ Հայաստանում հակաիսրայելական տրամադրությունները շատ ուժեղ են։ Բայց դա ոչինչ չի փոխի, չէ՞։
— Ուզում եմ հասարակ իսրայելցիների մեծամասնության անունից ցավակցություն հայտնել այն ընտանիքներին, որոնք կորցրել են իրենց հարազատներին Ադրբեջանի կողմից Թուրքիայի հետ համատեղ սանձազերծված այս պատերազմում։
Ինչ վերաբերում է Ադրբեջանում իսրայելական արտադրության սպառազինության առկայությանը։ Իրոք, Իսրայելը մտնում է ռազմական տեխնիկայի համաշխարհային առաջատար արտահանողների տասնյակի մեջ, և ստացող երկրների թվում է Ադրբեջանը։ Դա բոլորին հայտնի է։ Հայտնի է նաև, որ Իսրայելը դիմել էր նաև Հայաստանին՝ նույն անօդաչու սարքերը տրամադրելու առաջարկով, սակայն Հայաստանի պաշտպանության նախարարության նախկին ղեկավարները մերժեցին։ Հնարավոր է, որ մերժման պատճառներից մեկը Հայաստանի մասնակցությունն էր ՀԱՊԿ-ին և Ռուսաստանի ցանկությունը՝ Հայաստանին մատակարարել իր սպառազինությունը։
Հայտնի է նաև մեկ այլ բան. այսօր ադրբեջանցիները մարտի դաշտում մեծ ծավալով օգտագործում են ՀԱՊԿ անդամ երկրների՝ Ռուսաստանի և Բելառուսի սպառազինությունը, ինչպիսիք են «Սմերչ» և «Պոլոնեզ» հրթիռային կայանքները, որոնք, ՀՀ ՊՆ հայտարարությամբ, հրետակոծում են Ստեփանակերտ և Շուշի քաղաքները, ինչպես նաև այլ երկրների սպառազինությունը, բայց հայկական մամուլում գլխավոր թիրախ դարձավ հենց Իսրայելը։ Եվ, ցավոք, ոչ միայն մամուլում։
Վերջերս Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ուղղակիորեն մեղադրեց Իսրայելին հայ ժողովրդի ցեղասպանությանը մասնակցելու մեջ։ Արցախի բարձրագույն պաշտոնատար անձի նման հայտարարությունները ոչ մեկին օգուտ չեն բերում։ Եվ որպես արդյունք՝ հակասեմականության ալիք Հայաստանում։ Զարմանալի չէ, որ Հայաստանի նախագահի օգնականն իսրայելական հրատարակությանը տված հարցազրույցում արդեն հայտարարում է. «Կա իսրայելական կառավարության գործողությունների պատճառով հակասեմականության նոր օջախի առաջացման վտանգ։ Եվ պտուղները քաղելու է իսրայելական կառավարությունը։ Բայց այստեղ շարքային հրեաների հանդեպ ատելություն չկա և չի լինի։ Այսինքն՝ ատելությունը կապված է միայն ձեր կառավարության հետ»։ Ցավոք, ինչպես ցույց է տալիս պատմությունը, ատելությունն ընտրողական չէ, այն լեռնային գետի պես քշում է ամեն ինչ իր ճանապարհին…
Մեր երկրների միջև հարաբերությունները նոր էին սկսել կարգավորվել։ Վերջերս Իսրայելում բացվեց Հայաստանի դեսպանատունը, և ես շատ եմ ափսոսում, որ գրեթե անմիջապես հետ կանչվեց դեսպանը (ուզում եմ նկատել՝ հենց միայն Իսրայելից), որը, ի դեպ, ընդամենը մեկ ամսում շատ բան էր հասցրել անել։ Վստահ եմ, որ եթե դեսպանատունը բացված լիներ 10 տարի առաջ, մեր երկրները շատ ավելի լավ կհասկանային միմյանց, և այս հարցն այդքան սուր չէր դրվի։ Իսկ հիմա մերձեցման գործընթացը զրոյացված է, ինչի մասին ուրախությամբ խոսում են Ադրբեջանում և Իրանում։
Ինձ համար շատ ցավալի է, որ նույնիսկ այսօր, երբ Ադրբեջանն իսկական պատերազմ է վարում Արցախում, Իսրայելի կառավարությունը չի դադարեցրել ռազմական մատակարարումները։
Ներկայումս Իսրայելում ընդլայնվում է կառավարության լռության դեմ բողոքող շարժումը. հասարակական կազմակերպությունների նամակներ և ակադեմիկոսների ու հասարակական գործիչների ուղերձներ, դիմում Իսրայելի Գերագույն դատարան, բողոքի ցույցեր։ Օրինակ, օրերս Երուսաղեմում՝ Իսրայելի ԱԳՆ շենքի մոտ, տեղի ունեցավ զանգվածային ցույց, որին ներկա էին ոչ միայն հայ համայնքի հարյուրավոր իսրայելցի անդամներ, այլև երկրի տեղաբնակներ, որոնք աջակցում են մատակարարումները դադարեցնելու պահանջներին…
Լիա Խոջոյան
