«Ամեն ինչ ներառված է». համայնքը Եվրոպական ժառանգության օրերին Գառնիում

Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում «Գառնի» պատմամշակութային թանգարան-արգելոցում տեղի ունեցավ Հայաստանի էթնիկ փոքրամասնություններին նվիրված «Ամեն ինչ ներառված է» միջոցառումը։ Հրեական, ռուսական, ասորական և եզդիական համայնքների ներկայացուցիչները պատմեցին իրենց համայնքների պատմությունը և, լուսանկարներ ցուցադրելով, այցելուներին ծանոթացրին իրենց մշակույթին ու ավանդույթներին։

«Պատմական միջավայրի և պատմամշակութային թանգարան-արգելոցների պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանն իր ողջույնի խոսքում ասաց.

«Ի՞նչ տրամաբանական կապ կա էթնիկ փոքրամասնությունների և մեր մշակույթի միջև։ Դուք ձեր մշակույթով հարստացնում եք մեր հայկական մշակույթը։ Ռուսները, ասորիները, հրեաները, եզդիները մեզ են փոխանցում իրենց մշակույթի մի մասը և վերցնում են այն մեզանից։ Այդպես մեր մշակույթը դառնում է ավելի գունեղ և գեղեցիկ։ Շնորհակալ ենք, որ մենք կանք ձեր կյանքում, իսկ դուք՝ մեր կյանքում, և մենք կարող ենք սիրո և հանդուրժողականության մթնոլորտում կառուցել մեր կյանքը և ստեղծել մեր մշակույթը։ Հայ ժողովուրդը միշտ խոր հարգանքով է վերաբերվել իր երկրում ապրող բարեկամ ժողովուրդներին։ Ճակատագրի բերումով մենք՝ հայերս, ինքներս էլ էթնիկ փոքրամասնություն ենք աշխարհի շատ երկրներում, և այդ երկրների ժողովուրդները հարգանքով և սիրով են վերաբերվում մեր հայրենակիցներին։ Մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում ձեր էթնիկ և մշակութային արժեքներին։ Շնորհակալություն, որ մեր կողքին էիք»։

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Ռիմմա Վարժապետյանը։ Մեր համայնքը փառատոնի հյուրերին ծանոթացրեց իր տպագիր արտադրանքին և ավանդական հրեական հացին՝ մացային։ Համայնքի գործունեությունը ներկայացնող լուսանկարներով պաստառները նույնպես մեծ հետաքրքրություն առաջացրին։

Եվ, իհարկե, մեր աղջիկները՝ Դիանա Ասատրյանը և Լուսինե Աբրահամյանը, եբրայերենով մի քանի երգ կատարեցին, որոնք արժանացան բուռն ծափահարությունների, իսկ Դիանայի կատարմամբ «Հայաստան» երգն իսկական ովացիա առաջացրեց։

Ադելինա Լիվշից

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 8 (215) համարում, 2021 թ. հոկտեմբեր։