Այս կարգախոսը ծանոթ է բոլոր նրանց, ովքեր ապրել են նախկին ԽՍՀՄ տարածքում. դրանով խորհրդային ժողովուրդն անցավ ողջ Հայրենական մեծ պատերազմը։ Եվ ահա հիմա Արցախի հողին այնպիսի դժնդակ ժամանակներ են եկել, երբ մարդիկ կրկին ապրում և գործում են այդ կարգախոսով։
Արցախի ժողովրդին և բանակին հսկայական աջակցություն է գալիս աշխարհի բոլոր կողմերից։ 1915 թվականի Ցեղասպանությունից հետո հայերը ապաստան գտան աշխարհի տարբեր մասերում, և այսօր սփյուռքը հզոր ուժ է, որը, իհարկե, չէր կարող անտարբեր մնալ իր բազմաչարչար ժողովրդի ճակատագրի նկատմամբ։ Բացվել է Արցախի պաշտպանության հիմնադրամ, և բոլոր միջոցները փոխանցվում են այնտեղ։ Երբ օգնում են բարեկեցիկ երկրներում ապրող մարդիկ, դա ազնիվ է, բայց երբ օգնություն է գալիս մեր ոչ ամենահարուստ երկրում ապրող մարդկանցից, դա հուզում է մինչև արցունքներ։
Մեր կայքով զբաղվող համայնքի անդամ Արմեն Խրիմյանի մայրը՝ Հայաստանի և Իսրայելի քաղաքացի Էմիլիա Սլոբոդսկայան, բերեց իր ամբողջ ամսական թոշակը՝ 40 000 դրամ (80 դոլար), և արցունքն աչքերին պնդեց, որ որդին այդ գումարը փոխանցի Արցախի պաշտպանության հիմնադրամ։ Խոսքեր չկան… Այդպես են վարվում շատ-շատերը։ Օրինակ՝ մեր Կարեն Հովհաննիսյանի եղբոր թոռը՝ տասներկուամյա Ջիմ Հովհաննիսյանը, որը գումար էր հավաքում համակարգչային խաղ գնելու համար, ամբողջ հավաքած գումարը՝ 76 000 դրամ, տվեց մորը՝ խնդրելով այն ուղարկել զինվորներին։
Մաշա Գաբրիելյանը՝ Իսրայելում ապրող և երկար տարիներ այս թերթի թողարկմանն օգնող Դավիթ Գաբրիելյանի քույրը, պատերազմի առաջին իսկ օրերից ամուսնու հետ բարեգործությամբ է զբաղվում. նրանք մշտապես մարտական գործողությունների գոտի են ուղարկում կռվող տղաներին անհրաժեշտ ամեն ինչ՝ հիգիենայի պարագաներից և դեղորայքից մինչև սնունդ։
Մենք նույնպես փորձում ենք մեր հնարավոր օգնությունը ցուցաբերել զինվորներին։ Այստեղ անհնար է թվարկել բոլոր նրանց, ովքեր այսօր օգնում են բանակին։ Ուզում ենք հավատալ, որ յուրաքանչյուր դրամ, հատկապես թոշակառուի կամ երեխայի ուղարկածը, կօգնի մոտեցնել հաղթանակը։
Ադելինա Լիվշից
Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 10 (204) համարում, 2020 թ. հոկտեմբեր։
