«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմի պրեմիերան «Մոսկվա» կինոթատրոնում

Մարտի 18-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Ամերիկացի բարի սամարացիները» վավերագրական դրամայի պրեմիերան։ Ֆիլմը նկարահանվել է «Ման Փիքչըրս Փրոդաքշն» ընկերության կողմից (2021)՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ։ Գաղափարի հեղինակը և պրոդյուսերը Մանվել Սարիբեկյանն է։ Ֆիլմը նկարահանվել է ԱՄՆ-ում, Գերմանիայում, Իրանում, Թուրքիայում, Հունաստանում, Լիբանանում և Հայաստանում։ Համաշխարհային պրեմիերան կայացել է 2021 թվականի նոյեմբերի 20-ին Լոս Անջելեսում՝ ARPA միջազգային կինոփառատոնի շրջանակում։

Սա պատմություն է վերապրածների, ինչպես նաև այն արտասովոր մարդկանց մասին, որոնց շնորհիվ հայ, հույն և ասորի ժողովուրդների բեկորները փրկվեցին լիակատար ոչնչացումից։ Ֆիլմը նկարահանվել է ի պատիվ ազգերի փրկությանը նվիրված մարդկանց՝ որպես ցեղասպանությունը վերապրած երախտապարտ ժողովուրդների հիշատակի տուրք։

Ֆիլմի գլխավոր պատմողը Փոլ Լևինն է՝ հրեա, Նյու Յորքի բնիկ, Հոլոքոստի պատմության հայտնի ամերիկացի մասնագետ, ցեղասպանագետ, Հոլոքոստին նվիրված գրքերի հեղինակ։ ԱՄՆ-ում նկարահանումներից հետո նա անսպասելիորեն մահացավ, ինչը մեծ կորուստ էր բոլոր նրանց համար, ովքեր ճանաչում էին այդ մարդուն և նրա աշխատանքը, և ֆիլմը ստիպված ավարտեցին արդեն առանց նրա։ Համաշխարհային ճանաչումը Փոլ Լևինին եկավ 1997 թվականին, երբ նա շվեդ մանկավարժ Ստեֆան Բրուխֆելդի հետ հրատարակեց «Պատմեք այդ մասին ձեր զավակներին…» գիրքը։ Այն հետագայում հրատարակվեց 17 երկրում՝ ավելի քան երեք միլիոն տպաքանակով. Շվեդիայից դուրս առաջին հրատարակությունը լույս տեսավ Ռուսաստանում։

Մանվել Սարիբեկյանը պատմեց, որ «Ամերիկացի բարի սամարացիները» շարունակում է «Երախտագիտության քարտեզ» լուսավորչական կինոշարքը։ Այդ նախագծի առաջին ֆիլմը «Փրկության քարտեզն» էր (Map of Salvation)՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին, հինգ եվրոպացի միսիոներուհիների մասին, որոնք դարձան Ցեղասպանության ականատեսներ և մահից փրկված կանանց ու երեխաների համար որբանոցների հիմնադիրներ։ Հիշեցնենք, որ մեր համայնքն առաջին ֆիլմի Իսրայելում ցուցադրության հովանավորն էր։

Երկրորդ ֆիլմը լիամետրաժ է, վավերագրական-խաղարկային և իր կառուցվածքով հիշեցնում է նախորդը։ Ամերիկացի պատմաբանը գլխավոր պատմող է ընտրվել ոչ պատահաբար. Օսմանյան կայսրությունում հայերի, հույների և ասորիների դեմ կատարված ոճրագործությունների օբյեկտիվ ներկայացումը օտարերկրյա (ոչ հայ) մասնագետի շուրթերով բացառում է ցուցադրված փաստերի հավաստիության վերաբերյալ հնարավոր ինսինուացիաներն ու կասկածները և ընդգծում մարդկության դեմ առաջին խոշոր ցեղասպանության անհերքելիությունը։

Պրեմիերան անցավ մեծ հաջողությամբ։ Ներկա էին Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և բազմաթիվ այլ պաշտոնյաներ։ Պրեմիերային հրավիրված և ներկա էր նաև Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանը։

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 3 (219) համարում, 2022 թ. մարտ։