«Աննա Ֆրանկի օրագրի» հայերեն հրատարակության շնորհանդեսը

Հունիսի 12-ին՝ Աննա Ֆրանկի ծննդյան 90-ամյակի օրը, «Գրատուն» գրքի տանը ներկայացվեց հայերեն հրատարակված «Աննա Ֆրանկի օրագիրը»։ Գիրքը լույս է ընծայել «Վերնատուն մեդիա» հրատարակչությունը՝ Հոլանդական գրական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Նիդերլանդերենից թարգմանել է հոլանդուհի Աննա Մարիա Մատտաարը, որն ինքնուրույն, առանց դասատուների, սովորել է հայերեն։

Շնորհանդեսը բացեց Նիդերլանդների դեսպանը։ Նա համառոտ պատմեց Աննա Ֆրանկի պատմությունը և հայտնեց, որ առաջիկա օրերին Հայաստանում կանցկացվեն միջոցառումներ՝ մարդկանց նրա պատմությանը ծանոթացնելու համար։ Այնուհետև ելույթ ունեցավ թարգմանչուհի Աննա Մարիան. նա մանրամասն պատմեց Ֆրանկների ընտանիքի ճակատագրի մասին, որը նացիստական Գերմանիայից փախել էր Նիդերլանդներ և երկու տարի թաքնվել տան օժանդակ սենյակում, մինչև որ նրանց հայտնաբերեցին, ձերբակալեցին և ուղարկեցին ճամբար։ Այս ամենը Աննա Մարիան պատմում էր գրական հայերենով, ինչը չէր կարող հիացմունք չառաջացնել։ Ելույթ ունեցան նաև գրքի խմբագիր Արմեն Սարգսյանը, որը մեկ տարի աշխատել էր թարգմանչուհու հետ, և շնորհանդեսի կազմակերպիչը։

Վերջին խոսքը տրվեց Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանին։ Նա նշեց, թե որքան կարևոր է այս գրքի հրատարակումը Հայաստանում, որտեղ հրեա ժողովրդի ողբերգությունն ընկալում են առանձնահատուկ ցավով։ Չնայած Հոլոքոստի դասերին՝ այսօր մենք ականատես ենք Եվրոպայում և այլ երկրներում հակասեմականության աննախադեպ աճի։ «Մենք ուրախ և երջանիկ ենք, որ այդ „հիվանդությամբ“ Հայաստանը երբեք չի տառապել, և վստահ ենք, որ միշտ այդպես կլինի»,— ասաց նա։

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 6 (188) համարում, 2019 թ. հունիս։