Ապրիլի 24, 2022. համայնքի անդամները Ծիծեռնակաբերդում

Ամեն տարի ապրիլի 24-ին Հայաստանում և սփյուռքում նշվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ 1915 թվականին Օսմանյան Թուրքիան սկսեց հայերի զանգվածային ոչնչացումը, որը շարունակվեց մի քանի տարի։ Ցեղասպանության հետևանքով ոչնչացվեց մոտ մեկուկես միլիոն հայ, Արևմտյան Հայաստանի ողջ հայ բնակչությունը տեղահանվեց իր հողերից։ 2015 թվականին Եվրախորհրդարանն ապրիլի 24-ը հռչակեց Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի եվրոպական օր։

Ապրիլի 24-ին Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանը Ռուսաստանից եկած հրեաների մեծ խմբի հետ բարձրացավ Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, և նրանք ծաղիկներ դրեցին հավերժական կրակի մոտ։ Նախօրեին նրանք ծաղիկներ էին դրել նաև «Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերին» հուշարձանին։

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 4 (220) համարում, 2022 թ. ապրիլ։