Ամեն տարի ապրիլի 24-ին Հայաստանում և սփյուռքում նշվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։
1915 թվականին Օսմանյան Թուրքիան սկսեց հայերի զանգվածային ոչնչացումը, որը շարունակվեց մի քանի տարի։ Հայոց ցեղասպանությունը կազմակերպել էին թուրք կառավարիչները կայսերական Գերմանիայի աջակցությամբ և արևմտյան երկրների թողտվությամբ։ Դավանելով պանթյուրքիզմի և պանիսլամիզմի գաղափարները՝ թուրքական իշխանությունները ձգտում էին ոչ միայն պահպանել Օսմանյան կայսրությունը՝ բռնի ոչնչացնելով կամ ձուլելով նրա հպատակ ժողովուրդներին, այլև ստեղծել համաթուրանական կայսրություն, որը կմիավորեր բոլոր մուսուլմաններին։
1894–1896 թվականներին Թուրքիայում կազմակերպվեց ավելի քան 300 հազար հայերի ոչնչացում։ 1909 թվականին Ադանայում և նրա շրջակայքում սպանվեց 30 հազար հայ։
1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան կայսրությունում ձերբակալվեց հայ մտավորականության առաջին խումբը։ Այնուհետև հաջորդեցին բազմաթիվ ձերբակալություններ։ Կարճ ժամանակում ձերբակալվածների թիվը հասավ մոտ 800-ի. նրանց թվում էին գրողներ, գիտնականներ, արվեստաբաններ, մանկավարժներ, դերասաններ, բժիշկներ, հոգևորականներ, հասարակական գործիչներ, ինչպես նաև թուրքական մեջլիսի (խորհրդարանի) հայ պատգամավորներ։ Նրանց բոլորին քշեցին Անատոլիա և դաժանաբար սպանեցին։
1915 թվականի ցեղասպանության հետևանքով ոչնչացվեց մոտ մեկուկես միլիոն հայ, Արևմտյան Հայաստանի ողջ հայ բնակչությունը տեղահանվեց իր հողերից։
Ապրիլի 24-ը դարձավ անմեղ զոհերի հիշատակի օր և ամեն տարի նշվում է Հայաստանում և սփյուռքում։ 2015 թվականին Եվրախորհրդարանն ապրիլի 24-ը հռչակեց Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի եվրոպական օր, իսկ 2019 թվականից այն Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր է։
Այդ օրը Հրեական համայնքը ծաղիկներ դրեց Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին։


Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 4 (244) համարում, 2024 թ. ապրիլ։
