Աուշվիցի ազատագրման 80-ամյակը

Ռոնալդ Լաուդերի գլխավորած Համաշխարհային հրեական կոնգրեսը Աուշվիցի ազատագրման 80-րդ տարելիցի առթիվ կազմակերպեց մեծածավալ միջոցառումներ։

Պատմաբան Պետեր Հայեսը լեհական Օսվենցիմ քաղաքը, որի մոտ գտնվում էր մահվան ճամբարը, անվանել է «Հոլոքոստի մայրաքաղաք». «Աուշվից-Բիրկենաու» ճամբարն իսկական «մահվան ֆաբրիկա» էր։ Գնահատումներով՝ նրա գոյության ընթացքում այնտեղ ոչնչացվել է 1,1–1,5 միլիոն մարդ, հիմնականում՝ հրեաներ։ 1947 թվականին այդ վայրում բացվեց թանգարան։ 1979 թվականին «Աուշվից-Բիրկենաու» պետական թանգարան հուշահամալիրը ներառվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։

Հունվարի 27-ին Լեհաստանում հիշատակեցին Հոլոքոստի զոհերին։ Զոհվածների հիշատակը հարգելու էին եկել ճամբարի ողջ մնացած բանտարկյալները, ինչպես նաև աշխարհի ավելի քան 50 երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և ուրիշներ։ Բացի պետությունների ղեկավարներից, ողբերգության զոհերի հիշատակը հարգելու համար Լեհաստան էին հրավիրվել ճամբարի բոլոր ողջ մնացած բանտարկյալները։ Միջոցառմանը մասնակցելու էին եկել նրանցից մոտ 50-ը։ Գլխավոր միջոցառումը սկսվեց մոսկովյան ժամանակով ժամը 18:00-ին՝ Աուշվից II (Բիրկենաու) տարածքում տեղադրված վրանում։ Դրան ներկա էին աշխարհի 54 երկրների պատվիրակներ։

Ի տարբերություն ճամբարի ազատագրման կլոր տարելիցների առթիվ նախկինում անցկացված հանդիսավոր արարողությունների, այս անգամ քաղաքական գործիչները ելույթներ չունեցան։ «Մենք մոռացության թույլ չենք տա՝ ո՛չ այսօր, ո՛չ վաղը»,— փոխարենը հունվարի 27-ին X սոցիալական ցանցում գրեց Օլաֆ Շոլցը՝ Աուշվից տանող երկաթգծի լուսանկարի վերևում։ «Որդիներ և դուստրեր, մայրեր և հայրեր, լավագույն ընկերներ, հարևաններ, տատիկներ և պապիկներ. երազանքներով և հույսերով ավելի քան մեկ միլիոն մարդ սպանվել է Աուշվիցում, սպանվել է գերմանացիների կողմից։ Մենք կարեկցում ենք և հիշում»,— ասված է նրա գրառման մեջ։

Եվ այնուամենայնիվ, Աուշվիցում հիշատակի արարողության մասնակիցների ելույթներում քաղաքական թեմաները չշրջանցվեցին։ Հյուրերը մերթընդմերթ հիշում էին 2023 թվականի հոկտեմբերի 7-ին իսլամիստական ահաբեկչական ՀԱՄԱՍ կազմակերպության հարձակումն Իսրայել պետության վրա։ Իր հերթին Համաշխարհային հրեական կոնգրեսի նախագահ Ռոնալդ Լաուդերը նշեց, որ այսօր ամբողջ աշխարհում հրեա ուսանողները ճնշումների են ենթարկվում։

Հանդիսավոր միջոցառումներին մասնակցեց նաև Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանը։

«Սիմֆոնիա հանուն կյանքի»

Եվրոպական հրեական կոնգրեսը Peace People Planet կազմակերպության հետ համատեղ Կրակովի Տաճարային սինագոգում կազմակերպեց «Սիմֆոնիա հանուն կյանքի» համերգը՝ նվիրված «Աուշվից-Բիրկենաու» ճամբարի ազատագրման 80-րդ տարելիցին։

Այս եզակի միջոցառումը, որին հանդես եկան Ֆրանսիայից, Իսրայելից և ԱՄՆ-ից հայտնի երաժիշտներ և արվեստագետներ՝ հարգելով Աղետի զոհերի հիշատակը և խորհրդանշականորեն վերականգնելով բարբարոսության կողմից խլացված ձայները, կյանք ներարկեց սինագոգին։

Եվրոպական հրեական կոնգրեսի գործադիր փոխնախագահ Ռայա Կալենովան դիմեց միջոցառման հարյուրավոր մասնակիցներին, որոնց թվում էին նշանավոր քաղաքական գործիչներ, դիվանագետներ, ամբողջ աշխարհի հրեական համայնքների ղեկավարներ և Հոլոքոստը վերապրած մարդիկ՝ ընդգծելով, որ նացիստական ռեժիմի օրոք սպանված միլիոնավոր մարդկանց պատմությունները պետք է շարունակեն պատմվել հաջորդ սերունդներին։

«Կանգնած լինելով այստեղ՝ եկեք մտածենք մեր ժողովրդի տոկունության մասին։ Չէ՞ որ, չնայած խավարին, մենք վերակառուցվեցինք։ Չնայած ցավին, մենք համառեցինք։ Եվ չնայած ատելությանը, մենք լույսը վերադարձրինք աշխարհ։ Մենք հիշողության բեռը տարանք առաջ ոչ թե որպես բեռ, այլ որպես ջահ՝ լուսավորելով ճանապարհը դեպի մի աշխարհ, որտեղ «այլևս երբեք»-ը պարզապես արտահայտություն չէ, այլ խոստում»,— ասաց տիկին Կալենովան։

Մասնակիցները պատիվ ունեցան լսելու Ֆրանսիայի հայտնի երգիչ, կոմպոզիտոր և դերասան, Ֆրանսիայի հայ համայնքի մեծ բարեկամ Պատրիկ Բրյուելին, ով կատարեց իր «Դատարկ աթոռներ» երգը՝ ի հարգանք բոլոր նրանց, ովքեր հոկտեմբերի 7-ին կորցրել են իրենց հարազատներին։ Նրան նվագակցում էր իսրայելցի վիրտուոզ ջութակահար Միխայել Շահամը, ով նաև մի քանի ստեղծագործություն կատարեց Օսվենցիմում հնչած «Հույսի ջութակներից» մեկով, որը զարդարված է վեցթևանի աստղերով, որոնք ավելացրել էին ջութակի սկզբնական պատրաստողները։

«Voix de Stras» կանանց երգչախումբը, որի երկու անդամները ծագումով Հայաստանից են, կատարեց մի շարք օրորոցայիններ՝ ի հիշատակ Հոլոքոստի զոհ երեխաների, իսկ լեգենդար երգչուհի Լիզ Մակքոմբը՝ սևամորթ ամերիկացի ստրուկների հետնորդը, կատարեց մի քանի հուզիչ ստեղծագործություն։ Բոլոր արտիստները միասին հավաքվեցին Ջոն Լենոնի «Imagine» երգի եզրափակիչ հուզիչ կատարման համար։

Երեկոն վարում էր գրող և կինոռեժիսոր Ամանդա Ստերսը։

«Այս համերգը հանդիսավոր միջոցառումների շարքի ամենահուզիչ պահն էր»,— ասաց մեր համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանը։

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 2 (254) համարում, 2025 թ. փետրվար։