«Ազգային աղետներից պետականության վերածնունդ» գիտաժողովը

Դեկտեմբերի 14-ին Հայաստանի հրեական համայնքը «Հայաստան-Իսրայել, Իսրայել-Հայաստան» հասարակական ֆորումի հետ համատեղ անցկացրեց «Ազգային աղետներից պետականության վերածնունդ» գիտաժողովը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության կազմավորման 100-ամյակին և Իսրայել պետության կազմավորման 70-ամյակին։

Ֆորումն անցավ Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմմա Վարժապետյանի և գեներալ-լեյտենանտ (պաշտոնաթող), քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Հայ-իսրայելական հասարակական ֆորումի» նախագահ Հայկ Կոտանջյանի նախագահությամբ։ Իր խորը և բովանդակալից զեկուցմամբ, որով սկսվեց գիտաժողովը, պարոն Կոտանջյանն անմիջապես բարձր նշաձող սահմանեց ամբողջ միջոցառման համար։ Նա ասաց. «Օրերս Երևանում իր աշխատանքն ավարտեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը, որը մեկնարկել էր դեկտեմբերի 9-ին, երբ ողջ լուսավոր աշխարհը նշում էր Ցեղասպանությունների զոհերի հիշատակի միջազգային օրը։ Այս ֆորումի անցկացումը ՄԱԿ-ի կողմից կարևոր ճանաչում էր Հայաստանի նախաձեռնության՝ դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի, նրանց արժանապատվության հարգման և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր հռչակելու»։

Շատ խորհրդանշական է, որ մեր գիտաժողովն էլ անցավ դեկտեմբերյան այս օրերին։ Դրան մասնակցեցին հայտնի գիտական և քաղաքական գործիչներ։ Նիստին ներկա էին ՀՀ նախագահի խորհրդական Համլետ Գասպարյանը, կառավարության ներկայացուցիչ Նարա Գուլյանը և ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչ Յուրի Բաբախանյանը։

Ֆորումի նախապատրաստման ընթացքում մեծ աշխատանք էր կատարվել։ Այս կարևոր միջոցառմանը զեկուցումներով հանդես եկան գեներալ-լեյտենանտ (պաշտոնաթող), քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Հայ-իսրայելական հասարակական ֆորումի» նախագահ, ռազմական դիվանագետ, ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հիմնադիր և ղեկավար, Հայաստանի քաղաքագիտական ասոցիացիայի նախագահ Հայկ Սարգսի Կոտանջյանը, արևելագետ, «Նորավանք» հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Կարեն Վերանյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հարություն Տիրանի Մարությանը, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր Նիկոլայ Հովհաննիսյանը, Հայաստանի գլխավոր ռաբբի Գերշոն Մեիր Բուրշտեյնը։

Շատ հուզական և հետաքրքիր ելույթ ունեցավ մեր հյուրը՝ դոկտոր Դրոր Էյդարը։ Նա Իսրայելի ամենաընթերցվող՝ «Իսրայել հայոմ» թերթի առաջատար մեկնաբանն ու խմբագիրն է, մի քանի գրքի և բազմաթիվ հոդվածների հեղինակ։ Դրոր Էյդարը դասավանդել է իսրայելական մի քանի համալսարաններում, և նրա դոկտորական աստիճանը հրեական գրականության բնագավառում է։ Նա Իսրայելում (և ոչ միայն) հայտնի հռետոր է, որը դասախոսություններ է կարդում պատմության և կրոնի վերաբերյալ։ Գրականությունից բացի, նրա հետաքրքրությունների շրջանակում է երաժշտությունը. Դրոր Էյդարը երաժիշտ և կոմպոզիտոր է։ Իսկ 2019 թվականի ամռան սկզբին նա ստանձնում է նոր պաշտոն՝ Իտալիայում Իսրայելի դեսպանի։ Ֆորումի հյուր էր նաև Համաշխարհային հրեական կոնգրեսի ներկայացուցիչը՝ չորս երեխաների մայր, Լիոնում (Ֆրանսիա) ապրող իսրայելուհի Ռութ Ուազանան, որը ներկայացրեց իր հետաքրքիր զեկուցումը։ Նա Համաշխարհային հրեական կոնգրեսի դիվանագիտական կորպուսի վարչության անդամ է, հրեա սկաուտների միջազգային ֆորումի գլխավոր քարտուղար։ Նրա գործունեության հիմնական թեման հրեական ավանդույթների պահպանումն է, հակասեմականության և ռասիզմի դեմ պայքարը։

Շատ ոգեշնչված, սրտից բխող խոսքերով ելույթ ունեցավ Իսրայելում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը։ Ինչպես միշտ, աշխույժ և հետաքրքիր իր խոսքն ասաց մեր Գեորգի Մարկովիչ Ֆայվուշը՝ կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, ավելի քան 170 գիտական աշխատության հեղինակ։

Եվ, բնականաբար, չի կարելի չասել այսպիսի միջոցառում անցկացնելու գաղափարի ոգեշնչողի, հեղինակի և իրականացնողի՝ Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանի մասին, որը «Հայաստան-Իսրայել, Իսրայել-Հայաստան» միջազգային հասարակական ֆորումի համանախագահն է, Եվրոպական հրեական խորհրդարանի պատգամավոր, Եվրասիական հրեական կոնգրեսի անդամ, Ամերիկյան հրեական կոմիտեի տարեկան համագումարի և Վաշինգտոնում անցկացվող Առաջնորդների համաժողովի մասնակից, Համաշխարհային հրեական կոնգրեսի առաջնորդների ֆորումի անդամ։ Ռ. Պ. Վարժապետյանը պարգևատրված է հայ-հրեական կապերի ամրապնդման և զարգացման համար մեդալով և Մովսես Խորենացու մեդալով։ Նա բացեց գիտաժողովը և ողջույնի խոսք ասաց։ Շնորհակալություն հայտնեց հյուրերին, որ արձագանքել էին մեզ համար, և ոչ միայն մեզ համար, այսքան կարևոր ֆորումին մասնակցելու հրավերին։ Նրա կողմից հսկայական աշխատանք էր կատարվել, և արդյունքը հիանալի ստացվեց։ Բոլոր մասնակիցները շնորհակալություն հայտնեցին կազմակերպիչներին և գոհունակություն՝ անցկացված միջոցառման բարձր մակարդակից։

Գիտաժողովի աշխատանքների ավարտին միաձայն ընդունվեց «Ազգային աղետներից պետականության վերածնունդ» գիտական նիստի մասնակիցների ուղերձը Հայաստանի, Իսրայելի լայն հասարակական շրջանակներին և նրանց բարեկամներին ամբողջ աշխարհում։

Նիստի եզրափակիչ ակորդը բոլոր մասնակիցների ընդհանուր լուսանկարն էր «WE REMEMBER» գրությամբ պաստառներով։ Եվ դա շատ խորհրդանշական է։ Մենք հիշում ենք, ուրեմն թույլ չենք տա, որ կրկնվեն մեր երկու ժողովուրդների՝ հրեական և հայկական, այդքան նման և այդքան ողբերգական պատմության սարսափները։

Եզրափակելով՝ ուզում ենք շնորհակալություն հայտնել ՀՀ կառավարությանը և մեր հովանավորներին՝ գործարար Թորգոմ Վարժապետյանին և Հայաստանում Իսրայելի պատվավոր հյուպատոս Աշոտ Շահմուրադյանին, առանց որոնց նյութական օգնության ֆորումն այսքան բարձր մակարդակով անցկացնել հնարավոր չէր լինի։ Ա. Լիվշից