Ազգային փոքրամասնությունների առաջին օրը. վարչապետի շնորհավորանքը և այց Գյումրի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ հղեց Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ։ Ուղերձում ասված է.

«Հարգելի՛ Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, սիրելի՛ հայրենակիցներ։ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մարտի 3-ին ընդունված օրենսդրական փոփոխությամբ «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում ամրագրվել է նոր տոն՝ Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օրը, որը նշվում է հոկտեմբերի առաջին կիրակի օրը։

Հայաստանի ազգային փոքրամասնությունները մեր բնակչության կազմում աշխարհի ժողովուրդների մասնիկներն են։ Նրանք մեր երկիր են բերում իրենց ինքնատիպ կենցաղը, մշակույթը և ապրելակերպը՝ դառնալով այս երկրի հավատարիմ քաղաքացիներ և կիսելով մեր դժվարին ու երջանիկ օրերը։ Պահպանելով և զարգացնելով ձեր լեզուն, ազգային արժեքները և մշակույթը՝ դուք նաև հարստացնում եք Հայաստանի մշակութային բազմազանությունը։ Շնորհավորում եմ Հայաստանի բոլոր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին այս տոնի առթիվ և մաղթում առողջություն, խաղաղություն, առաջընթաց և հաջողություններ»։

Հայաստանում բնակվում է 11 համեմատաբար խոշոր համայնք՝ եզդիներ, ասորիներ, հույներ, ռուսներ, գերմանացիներ, վրացիներ, քրդեր, լեհեր, հրեաներ, ուկրաինացիներ և բելառուսներ։

Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհուրդը Ազգային փոքրամասնությունների օրը նշեց հյուրընկալ Գյումրիում։ Այս հետաքրքիր էքսկուրսիան, ինչպես միշտ, կազմակերպել էր Նարա Գուլյանը։

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 8 (215) համարում, 2021 թ. հոկտեմբեր։