Բաչատան Դոմինիկյան Հանրապետությունից ծագած երաժշտական ոճ և պար է, որը լայն տարածում է գտել նաև Կարիբյան ավազանի լատինաամերիկյան երկրներում, ինչպես նաև ԱՄՆ-ի այն լատինաամերիկյան համայնքներում, որտեղ գերակշռում են այդ երկրներից եկածները։ Երաժշտական չափը 4/4 է։ Երաժշտությանը, որպես կանոն, բնորոշ է չափավոր տեմպը, իսկ երգերի տեքստերը պատմում են անպատասխան սիրո տառապանքների և կյանքի դժվարությունների մասին։
Սա տեղեկանք է Վիքիպեդիայից, և այսպես է կոչվում այն պարը, որը դարձավ Երևանում անցկացված փառատոնի խորհրդանիշն ու անվանումը, և որի շնորհիվ, ըստ էության, մենք ծանոթացանք Լյուդվիգ Իսպիրյանի հետ, որի մասին արդեն գրել էինք թերթի նախորդ համարում։
Այսպիսով, հուլիսի 22-ին մեր գրասենյակ եկավ շատ համակրելի երիտասարդների մի խումբ, որոնց մեջ կային և՛ հայեր, և՛ իսրայելցիներ, և նույնիսկ Պրահայից Կարին անունով մի աղջիկ։ Նրանք բոլորը հենց այն փառատոնի մասնակիցներն էին, որը կոչվում էր «Բաչատա Հայաստանում»։ Ելույթներից բացի, այստեղ անցկացվում էին վարպետաց դասեր, որոնք վարում էին Իսրայելից ժամանած մասնագետները, ինչպես ինքը՝ Լյուդվիգ Իսպիրյանը, Ալոն Գոշենը և ուրիշներ։ Նախևառաջ ուզում ենք ասել, որ փառատոնի հիմնական նպատակը, ինչպես ասաց ինքը՝ Լյուդվիգը, մեր երկրների՝ Հայաստանի և Իսրայելի շփումն է պարի միջոցով։ Չէ՞ որ դա, առաջին հերթին, գեղեցիկ է։
Լյուդվիգն ինքը արդեն 12 տարի ապրում է Իսրայելում։ Նա զբաղվում է բալետով, ունի փոքր բիզնես, հիանալի տիրապետում է եբրայերենին և ասում է, որ Իսրայելն իր երկիրն է։
Մեր գրասենյակ եկած երիտասարդները հիացմունքով էին խոսում Հայաստանի, այստեղ իրենց հանդիպած մարդկանց, իրենց շատ դուր եկած սննդի և շատ այլ բաների մասին։ Ընդհանուր եզրակացությունը հնչեց այսպես. մենք անպայման կվերադառնանք այստեղ։ Եվ դա կլինի հաջորդ տարի՝ բաչատայի հերթական փառատոնին։
Փառատոնը միջազգային է, և դրան մասնակցեցին պարողներ Իսրայելից, Հայաստանից, Ռուսաստանից և Չեխիայից։ Կազմակերպիչները հուսով են, որ տարիների ընթացքում մասնակից երկրների թիվը կավելանա։


Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 8 (190) համարում, 2019 թ. օգոստոս։
