Մարտի 3-ին Երևանի մշակութային կյանքում մեծ իրադարձություն տեղի ունեցավ։ Կոմիտասի անվան կամերային երաժշտության դահլիճում իսրայելցի կոմպոզիտոր Բարուխ Բեռլիները երևանյան հանդիսատեսին ներկայացրեց «Աշխարհի արարումը» («Ծննդոց») սիմֆոնիկ պոեմը՝ Ծննդոց գրքի հատվածների հիման վրա։ Համերգը նվիրված էր Իսրայել պետության 70-ամյակին։
Երբ Բարուխ Բեռլիների երաժշտության ներքո հնչեց Սուրբ Սարգիս եկեղեցու սարկավագ և երևանյան օպերայի արտիստ Հովհաննես Ներսիսյանի թավշյա բարիտոնը, որն ընթերցում էր Աստվածաշունչը, մարմնով դող էր անցնում։ Ֆրանսիայից ժամանած դիրիժոր և ջութակահար Ալեքսանդր Բրուսիլովսկին ղեկավարում էր Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Վահան Մարտիրոսյան)։ Գեղեցիկ կատարումը դահլիճում ոչ մեկին անտարբեր չթողեց, և հանդիսատեսը ծափահարում էր կանգնած։
Բարուխ Բեռլիները ոչ միայն կոմպոզիտոր է, այլև հայտնի իսրայելցի գիտնական, տնտեսագիտության վերաբերյալ գրքերի հեղինակ, որը մաթեմատիկայի աստիճան է ստացել Ցյուրիխի համալսարանում։ Մոսկվայում նրա «Ծննդոցը» արդեն կատարել էր Մոսկվայի սիմֆոնիկ նվագախումբը՝ Ալեքսանդր Ցալյուկի ղեկավարությամբ, Մոսկվայի խորալային սինագոգում։
Համերգից հետո Բարուխ Բեռլիները բեմ բարձրացավ՝ շնորհակալություն հայտնելու երևանցի ունկնդիրներին, որոնց անվանեց աշխարհի լավագույններից, և բոլոր նրանց, առանց որոնց համերգը չէր կայանա. մենեջեր Ֆելիքս Բաբուրյանին, որն Իսրայելից ժամանած հյուրերի համար էքսկուրսիա էր կազմակերպել Երևանում, որտեղ նրանք տեսան Արարատը, դիրիժոր և ջութակահար Ալեքսանդր Բրուսիլովսկուն, որի հետ դեռ Ֆրանսիայում որոշվել էր կազմակերպել հայաստանյան պրեմիերան, և իր կնոջը, որին նվիրել է 40 բանաստեղծություն։ Կոմպոզիտորը խոստովանեց, որ հրաշալի ընդունելության շնորհիվ Երևանում իրեն տանն է զգում։ Մենք դահլիճից դուրս եկանք հիացած և այն հույսով, որ այս հանդիպումը Բարուխ Բեռլիների հետ վերջինը չէ։
Ադելինա Լիվշից



Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 3 (185) համարում, 2019 թ. մարտ։
