Ապրիլի 20–22-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում անցկացվեց «Հայոց ցեղասպանության դասավանդման խնդիրները XXI դարում» միջազգային համաժողովը։
Երեք օրվա ընթացքում ելույթ ունեցան 29 զեկուցողներ։ Հայաստանի ներկայացուցիչներից բացի, զեկուցումներով հանդես եկան գիտնականներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իսրայելից, Իսպանիայից, Կամբոջայից, Ռուանդայից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Լիբանանից և այլ երկրներից։
Համաժողովը բացեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը։ Մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ Շատ հետաքրքիր ելույթ ունեցավ ԱՄՆ-ից Ցեղասպանության մասին կրթական ծրագրերի տնօրեն տիկին Սառա Քոհենը։ Համաժողովի ավարտին մասնակիցները հավաքվեցին կլոր սեղանի շուրջ, որտեղ ամփոփվեցին եռօրյա ֆորումի արդյունքները։
Համաժողովին մասնակցեց Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լիստենգորտը, որը ճակատագրի բերումով այժմ գտնվում է Երևանում. գրող, լրագրող, որը մասնագիտորեն զբաղվում է լեզվաբանությամբ, դասավանդմամբ և միջազգային հարաբերությունների ոլորտում գործնական աշխատանքով։ Նա տարբեր մակարդակներով տիրապետում է ութ լեզվի և դրանցով բանաստեղծություններ է գրում։ Լինելով հրեա՝ նա ցավով է ընկալում բոլոր այն իրադարձությունները, որոնց անունը ցեղասպանություն է։
Համաժողովին հրավիրված էր նաև Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանը։



Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 4 (220) համարում, 2022 թ. ապրիլ։
