Ճամփորդություն դեպի Սինա լեռ. Ռուֆ Դորֆմանի էսսեն

Մեր համայնքի անդամները մեծ մասամբ ստեղծագործ մարդիկ են։ Եվ նրանց երեխաները նույնպես։ Ներկայացնում ենք մեր համայնքի անդամ Իլյա Դորֆմանի դստեր՝ Ռուֆ Դորֆմանի փոքրիկ էսսեն Սինա լեռ կատարած ճամփորդության մասին։ Նա 10 տարեկան է, և սա, կարելի է ասել, նրա առաջին գրչափորձն է։ Մենք հետագայում էլ ձեզ կծանոթացնենք մեր երեխաների ստեղծագործություններին։


Ճամփորդություն

Ուղտերը համբերատար սպասում էին մեզ։ Մենք բարձրացանք նրանց վրա և, կախելով մեր իրերը, ճանապարհ ընկանք։ Բարձրանում էինք, բարձրանում… Ավելի ու ավելի վեր… Ճանապարհը երկար էր։ Տեսարանը վատը չէր՝ բարձր լեռներ, ճեղքեր, քարեր… Ինչ-որ տեղ այստեղ էր քայլել նաև Մովսեսը՝ իր ժողովրդին թողնելով լեռան ստորոտում։

Վերջապես հասանք։ Իջանք ուղտերից և նստեցինք նստարանին՝ հանգստանալու։ Արևը մայր է մտնում։ Ժամանակն է առաջ գնալու, բայց արդեն ոչ թե ուղտերով, այլ ոտքով։ Սկսեցինք բարձրանալ Սինա լեռը։ Ավելի ու ավելի է մթնում, և մենք ավելի ու ավելի բարձր ենք։

Կանգ առանք հենց մի փոքրիկ խանութի մոտ։ Այդ խանութը գտնվում էր գագաթից ոչ հեռու։ Եթե Մովսեսը տեսներ խանութը, կզարմանար. «Ո՞ր դարն եմ ընկել»։ Հանգստացանք և շարունակեցինք ճանապարհը։ Գագաթին հասանք հենց այն պահին, երբ արևը մայր էր մտնում։ Լեռները սկզբում լուսավոր էին, հետո ավելի կապույտ դարձան, իսկ հետո ընդհանրապես կորցրին իրենց գույնը։

Սկսեցինք վերադառնալ։ Անցանք ճանապարհի մեկ քառորդը և կանգ առանք։ Աստղերը փայլում էին, ինչպես սառցալեզվակներն արևի տակ։ Կանգ առանք մի երիտասարդ պապիկի (բեդուինի) մոտ։ Նա մեզ հաց հյուրասիրեց։ Բարի ծերուկ էր։ Կերանք, հետո շարունակեցինք իջնել՝ մինչև լեռան ստորոտը։

Իսկ ինչ-որ տեղ մոտակայքում՝ անապատում, ընկած են ոսկե կովի բեկորները (ոսկե հորթի.— Խմբ.)։

Ռուֆ Դորֆման, 10 տարեկան

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 1 (217) համարում, 2022 թ. հունվար։