Չարագործն արդեն խոստովանել է իր արարքը։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը։

Փետրվարի 17 – Sputnik. Երևանում Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշարձանը պղծած տղամարդը ԱՄՆ քաղաքացի է։

Ձերբակալվածը 36-ամյա Խ. Երանոսյանն է։ Նա արդեն խոստովանական ցուցմունք է տվել։ Քրեական գործ է հարուցվել «վանդալիզմ» հոդվածով։ Որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը։

Նշենք, որ հայ և հրեա ժողովուրդների տառապանքը և վերածնունդը խորհրդանշող հուշահամալիրն անցած ուրբաթ օրը կարմիր ներկով էր պատվել։ Բացի այդ, դրա վրա գրություններ էին արվել ռազմական նշանակության արտադրանքի անվանումներով, մասնավորապես՝ իսրայելական Harop անօդաչու սարքերի, որոնք Ադրբեջանն օգտագործել էր անցած տարվա աշնանը Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններում։

Հիշեցնենք, որ Հայաստանում մշակութային վանդալիզմը հետապնդվում է օրենքով, իսկ հանրապետության տարածքում գտնվող հուշարձանները պահպանվում են առանց որևէ ազգային, կրոնական կամ ռասայական խտրականության։