Մարտի 21-ին՝ Պոեզիայի համաշխարհային օրը, Հայաստանի գրողների միությունում տեղի ունեցավ հայ բանաստեղծ Եղիշե Չարենցի 125-ամյակին նվիրված միջոցառում։ Այն կազմակերպել էին Հայաստանի գրողների միությունը և Երևանի Կենտրոն վարչական շրջանը։ Միջոցառմանը մասնակցեցին դիվանագիտական հաստատությունների և ազգային փոքրամասնությունների մշակութային կենտրոնների ներկայացուցիչներ, որոնք տարբեր լեզուներով կարդացին Չարենցի հանճարեղ «Ես իմ անուշ Հայաստանի…» բանաստեղծության տողերը։
Շնորհավորելով ներկաներին տոնի առթիվ՝ Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանն ընդգծեց, որ Պոեզիայի համաշխարհային օրն ամեն տարի նշվում է մեծ ուրախությամբ, քանի որ աշխարհի բոլոր ժողովուրդների միջև ամենագեղեցիկ և ամենախոր մարդկային կամուրջը պոեզիան է։ Մասնակիցները սիրելի բանաստեղծի բանաստեղծությունները կարդացին տարբեր լեզուներով։
Մեր համայնքը ներկայացրեց Մարինա Գոմցյանը, որը կարդաց Եղիշե Չարենցի բանաստեղծությունը եբրայերենով՝ Մարինա Արմաղանյանի թարգմանությամբ։ Ներկաներին ողջույնի խոսքով դիմեց Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանը։ Միջոցառմանը հատուկ իմաստ հաղորդեց հատուկ հյուրի՝ բանաստեղծի թոռնուհու, գրականագետ Գոհար Չարենցի ներկայությունը։


Այս համարում թերթը տպագրել է Չարենցի բանաստեղծությունը բնագրով և Մարինա Արմաղանյանի եբրայերեն թարգմանությամբ.
Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ,
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ,
Բոլո՛րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա,
Դո՛ւ չմրսես ձմռան ցրտում, — բոլո՛րը քեզ…
את כל האש שבליבי אשלח אליך
כל להבות של נשמתי אשלח אליך
על כל הלהט אוותר, ולא אשאיר לי שום דבר
שלא יהיה לך קר בליל – הכל אליך

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 3 (219) համարում, 2022 թ. մարտ։
