Իսրայելում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյան. «Մեր ժողովուրդները գիտակցում են միասին առաջ շարժվելու անհրաժեշտությունը»

Հայաստանի Հանրապետության և Իսրայել պետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են դեռ 1992 թվականի ապրիլին, սակայն մշտական դեսպանատների փոխանակումը երկար տարիներ ձգձգվեց։ Վերջապես, 2019 թվականի սեպտեմբերին հայտնի դարձավ Իսրայելում իր դեսպանատունը բացելու Հայաստանի մտադրության մասին։ Իսրայելում դեսպան նշանակելու հրամանագիրը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց 2020 թվականի փետրվարի 25-ին, բայց կորոնավիրուսի համաճարակն իր ճշգրտումները մտցրեց Իսրայել պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բագրատի Սմբատյանի աշխատանքի մեկնարկի ժամկետներում։ Այսօր բոլոր խոչընդոտներն անցյալում են, և մենք զրուցում ենք պարոն դեսպանի հետ Հայաստանի դեսպանատան աշխատասենյակներից մեկում, որը տեղակայված է Թել Ավիվի ծովափին՝ «Բեյթ Տեքստիլ» շենքում։

– Բարի օր, Արմեն Բագրատի։ Ուրախ ենք ողջունել Ձեզ մեր հողում. մենք շատ վաղուց էինք սպասում դրան։ Չէ՞ որ երկու ժողովուրդները՝ հայ և հրեա, շատ ընդհանուր բաներ ունեն։ Ստացվում է, որ մեզ կապող անտեսանելի կապերը վերջապես իրացվեցին դիվանագիտական մակարդակո՞ւմ։

– Սկսենք անվիճելի փաստի արձանագրումից. Հայաստանի և Իսրայելի միջպետական հարաբերությունները գտնվում են իրենց ճանապարհի հենց սկզբում։ Իհարկե, դա չի նշանակում, որ հայերն ու հրեաները նոր են ծանոթացել։ Ամբողջ աշխարհում ապրող հայերը գիտեն, որ հենց հրեա ազգի ներկայացուցիչները՝ դիվանագետներ, իրավաբաններ, գրողներ, նախ սահմանեցին Ցեղասպանություն հասկացությունը, իսկ հետո ողջ աշխարհի, ողջ մարդկության կողմից լիարժեք ըմբռնման մակարդակի բարձրացրին այդ ողբերգության իսկական, հակաքաղաքակրթական իմաստն ու բարբարոսական էությունը։

Ուզում եմ հատկապես նշել, որ հիշատակված ականավոր հումանիստներն ու մտավորականները՝ Մորգենթաուն, Մանդելշտամը, Լեմկինը և Վերֆելը, իրենց աստվածահաճո գործունեությունն իրականացնում էին հայ ժողովրդի բարօրության համար սրտի կանչով՝ հրեա ժողովրդի հոգևոր առաջնորդների բարոյականության և էթիկայի լավագույն ավանդույթներով. մի ժողովրդի, որը միշտ, բոլոր պատմական դարաշրջաններում ձգտել է արդարության հասնել բոլոր ժողովուրդների համար և ապահովել բոլոր մարդկանց բարեկեցությունը։

Թվում էր, թե այն տարիներին, երբ արդեն բավականին հստակ ուրվագծվում էին ապագայի վերաբերյալ նոր տագնապներ ու մտավախություններ, երբ դեռ չկար հրեական պետություն, որը կոչված և ընդունակ լիներ, ինչպես այսօր Իսրայելը, ապահովելու հրեա ժողովրդի անվտանգությունն ու բարգավաճումը, այդպիսի արտասովոր անհատականությունները պետք է մտահոգված լինեին միայն ազգային բնույթի խնդիրներով։ Բայց նրանք հաստատեցին իրենց նվիրվածությունը համընդհանուր հումանիզմի իդեալներին, ուժ գտան և կարողացան անել հայ ժողովրդի համար այն, ինչի համար, վստահ եմ, հայ ժողովուրդը երբեք չի մոռանա նրանց անունները և երախտապարտ կլինի նրանց բոլոր ժամանակներում։

– Հաճելի է լսել դա։ Չէ՞ որ այսօր քաղաքական գործիչներից քչերն են հավատարիմ մնում հումանիստական իդեալներին… Իսկ ինչպե՞ս դա կդրսևորվի միջպետական ոլորտում։

– Իսրայել պետության յոթ տասնամյակների ներդաշնակ և հաջող զարգացումն անկասկած կարևոր ուղենիշ է Հայաստանի Հանրապետության համար։ Ակնհայտ է նաև, որ երկրների միջպետական հարաբերությունները կզարգանան այն պատմական հունով և այն գործնական միտումով, որոնցում հայ և հրեա ժողովուրդները գոյատևել են վերջին երկու հազար տարիների ընթացքում, որոնց ընթացքում կարողացել են հասնել փոխադարձ հարգանքի բարձր մակարդակի, ինչպես նաև լիարժեք միջէթնիկ, կենցաղային և պարզապես մարդկային հարաբերությունների։ Ընդ որում, մեր ժողովուրդներն ունեցել, կուտակել և զարգացրել են պատմական փորձ՝ ոչ միայն բավականին տարբեր, այլև շատ առումներով համընկնող։ Ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ նշել իմ համոզմունքն այն մասին, որ այսօր մեր ժողովուրդները հենց այդպես են վերաբերվում միմյանց և գիտակցում են միասին առաջ շարժվելու անհրաժեշտությունը։

– Մեզ հայտնի է, որ Դուք ոչ միայն փորձառու քաղաքական գործիչ և դիվանագետ եք, այլև մշակույթի ականավոր գործիչ։ Հավատո՞ւմ եք, որ հումանիտար և մշակութային նախագծերը դեռևս կարող են փրկել աշխարհը։ Եվ, մասնավորապես, մեր երկու երկրները այս բարդ պատմական ժամանակաշրջանում։

– Ես ինքս ինձ տվեցի նույն հարցը. ինչի՞ց կարող են Հայաստանն ու Իսրայելը սկսել դեպի ապագա համատեղ շարժումը, որն ընդգրկում է առաջին հերթին երկկողմ միջպետական հարաբերությունները։ Եվ հասկացա, որ այլընտրանք չեմ տեսնում հումանիտար շփումներին և նախագծերին, որոնք հանդես են գալիս որպես շարժիչ ուժ և կատալիզատոր 21-րդ դարում երկրների և ժողովուրդների միջև կայուն, անշրջելի, արդյունավետ և բազմակողմ համագործակցության մեկնարկի և ապահովման համար։ Հայ-իսրայելական հարաբերությունների հեռանկարի այսպիսի տեսլականն ինձ հուշում է ոչ միայն կրթության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում ծրագրերի մշակման և վարման հիսնամյա փորձը, ոչ միայն խոշոր նախագծերի կազմակերպչի և պատասխանատու պետական ծառայողի քառասնամյա փորձը, այլև արտակարգ և լիազոր դեսպանի քսանամյա դիվանագիտական փորձը։

Հուշարձանների տեղադրումն ու բացումը, համերգների և ցուցահանդեսների կազմակերպումը, մշակույթի և արվեստի վերաբերյալ թեմատիկ լսումների, գիտալուսավորչական համաժողովների և սեմինարների, բանաստեղծական և երաժշտական երեկոների անցկացումը արժանի արձագանք և բարձր գնահատական կստանան հայ և իսրայելական հասարակության կողմից, կծառայեն որպես անխորտակելի հիմք մեր երկրների հասարակական և պետական գործունեության բոլոր ոլորտներում համագործակցության ընդլայնման համար։

Ավելին, իրադարձությունների այսպիսի զարգացումը թույլ կտա մեր ժողովուրդներին արդիականացնել փոխըմբռնումը, այն հասցնել ժամանակակից պահանջների մակարդակին, բացառել տարընթերցումները համագործակցության ուղիներում համատեղ գործունեության մեջ, թույլ կտա ստեղծել թյուրըմբռնումների շտկման և բացառման մեխանիզմներ, որոնք, ցավոք, բնական են բոլոր մեծ գործերի և մտադրությունների սկզբնական փուլերում։

– Մեր առջև իսկապես տպավորիչ հեռանկարներ են բացվում։ Ասացեք, իսկ ինչո՞ւ մեր երկրում Հայաստանի Հանրապետության դեսպանատան հայտնվելը հնարավոր դարձավ միայն հիմա։ Ի՞նչն էր խոչընդոտում։

– Իսրայել պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան բացումը հենց հիմա, և ոչ ավելի վաղ, հաստատում է այն դժվարությունների առկայությունը, որոնք կային անցյալում և հաղթահարվեցին բաց, հարգալից երկխոսության միջոցով։ Հենց այս արդյունքն է հաստատում, որ միջպետական հարաբերությունների հաստատման և դրանց զարգացման ի սկզբանե հռչակված նպատակը մնում է հավասարապես կարևոր մեր երկրների համար, իսկ բաց և կառուցողական երկխոսության հմտորեն նախապատրաստված անցկացումը հնարավորություն կտա լուծել ցանկացած մակարդակի խնդիրներ, եթե դրանք ծագեն։ Չեմ կասկածում, որ հենց այդ հունով կզարգանան մեր երկրների հարաբերությունները՝ ի բարօրություն մեր ժողովուրդների, նպաստելով նրանց անվտանգությանն ու բարգավաճմանը։

Երկու տարի առաջ տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության ներքին կյանքի հեղափոխական նորացման, ինչպես նաև արտաքին քաղաքական առաջնահերթությունների զգալի ընդլայնման, հին երկկողմ և բազմակողմ միջպետական կապերի նորացման և նորերի հաստատման պայմաններում Իսրայել պետության անցած ուղին իր ժողովրդի բարեկեցության և զարգացման ապահովման գործում շատ առումներով կծառայի որպես խոսուն և գրավիչ օրինակ Հայաստանի Հանրապետության առջև դրված խնդիրների արդյունավետ լուծման համար։

– Շնորհակալություն, պարոն դեսպան, այս բովանդակալից զրույցի համար։ Ուզում ենք Ձեզ մաղթել հաջող աշխատանք Իսրայելում ի բարօրություն

– Շնորհակալություն։

«ԳԼՈԲՈՒՍ»