Հայաստանում Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան Էլիավ Բելոցերկովսկին (նստավայրը՝ Երուսաղեմում) հուլիսի 9-ին հավատարմագրերը հանձնեց Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին։ Նախագահն ընդգծեց, որ Հայաստանը կարևորում է Իսրայելի հետ հարաբերությունների զարգացումը. «Երկու երկրներն ունեն համագործակցության լայն հնարավորություններ։ Ժամանակն է իրացնել այդ հնարավորությունները»։
Էլիավ Բելոցերկովսկին վստահեցրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում ջանք չի խնայի երկրների միջև փոխգործակցությունն ընդլայնելու և երկկողմ հարաբերություններն ամրապնդելու համար։ Զրուցակիցները խոսեցին հայ-իսրայելական կապերի զարգացման մասին՝ նորարարությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում։ Դեսպանը նշեց, որ Իսրայելը, ինչպես և Հայաստանը, հարուստ չէ բնական ռեսուրսներով, և երկու երկրների գլխավոր հարստությունը մարդիկ են։ Արմեն Սարգսյանը նկատեց, որ Իսրայելը նորարարությունների և բարձր տեխնոլոգիաների կենտրոն է, ինչպիսին ձգտում է դառնալ նաև Հայաստանը, և երկրները միմյանցից սովորելու շատ բան ունեն։
Համագործակցություն առողջապահության ոլորտում
Առողջապահության ոլորտում համագործակցության հեռանկարները դեսպանը քննարկեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ։ Խոսքը Իսրայելի հետ փորձի փոխանակման, մանկական վերականգնողական բուժման ոլորտում փոխգործակցության, Իսրայելում ուսուցման ֆինանսավորման աղբյուրների և զանգվածային արտակարգ իրավիճակների համար համատեղ ծրագրի մասին էր։ Հանդիպմանը դեսպանին ուղեկցում էր Հայաստանում Իսրայելի պատվավոր հյուպատոս Աշոտ Շահմուրադյանը։
Հանդիպում ՀՀ ԱԳՆ-ում
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանի և Իսրայելի հարաբերություններն աշխուժացել են. «Կարծում եմ՝ մեր հարաբերությունները կարող են բարձրանալ նոր աստիճանի»։ Դեսպան Բելոցերկովսկին ընդգծեց, որ Իսրայելը և Հայաստանը շատ ընդհանրություններ ունեն. «Մեր պատմության և մշակույթի մեջ շատ ընդհանուր դրվագներ և փոխադարձ շփումներ կան։ Մենք հնագույն պատմություն ունեցող փոքր ազգեր ենք և գտնվում ենք բարդ աշխարհաքաղաքական տարածաշրջաններում»։ Նրա խոսքով՝ երկու ժողովուրդներին էլ փորձել են ոչնչացնել, երկու պետություններն էլ մեծ նշանակություն են տալիս կրթությանը, երկուսն էլ ունեն մեծ սփյուռք։ Նա մեծ պատիվ համարեց դեսպան լինել հենց այս առանձնահատուկ երկրում։ Չորս տարի առաջ դեսպանն իր կնոջ հետ արդեն եղել էր Հայաստանում, այցելել էր հնագույն վանքեր և եկեղեցիներ, բայց, նրա խոսքով, ուղևորության լավագույն մասը սրտաբաց և հյուրընկալ ժողովրդի հետ շփումն էր։
Ծիծեռնակաբերդում
Նոր դեսպանն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ դրեց Հավերժական կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ Դեռ Իսրայելի անկախության 71-րդ տարեդարձին նվիրված ընդունելության ժամանակ նա 1915 թվականին Թուրքիայում հայերի սպանությունն անվանել էր XX դարի ամենամեծ կանխամտածված սպանություններից մեկը։ Պատասխանելով լրագրողի հարցին՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, դեսպանն ասաց.
Դա սարսափելի ողբերգություն էր, XX դարի և մարդկության պատմության ամենամեծ կանխամտածված սպանություններից մեկը։ Հրեաները, հատկապես Իսրայելում ապրողները, շատ ակտիվորեն հանդես են գալիս դրա դեմ, և այս հարցը քննարկվել է նաև մեր խորհրդարանում։
Նա ընդգծեց, որ այդ պատմությունը պետք է ուսումնասիրել և քննարկել, որպեսզի նման ողբերգություններ չկրկնվեն։ Այն հարցին, թե արդյոք Ադրբեջանի հետ Իսրայելի հարաբերությունները չեն խանգարի համագործակցությանը, դեսպանը պատասխանեց, որ Իսրայելը, ինչպես և Հայաստանը, ունի իր շահերը և հարաբերություններ բազմաթիվ երկրների հետ, և դա միանգամայն նորմալ է. «Մենք Հայաստանի հետ հարաբերությունները դիտարկում ենք որպես առաջնահերթ և առավելագույնս կամրապնդենք դրանք»։



Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 7 (189) համարում, 2019 թ. հուլիս։
