Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերը հանձնեց Իսրայել պետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Հայաստանի Հանրապետությունում Ջոել Լիոնը (նստավայրը՝ Երուսաղեմում)։
Ինչպես «Արմենպրեսին» հայտնեցին Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վահագն Խաչատուրյանը շնորհավորեց դեսպանին և հաջողություն մաղթեց նրա պատասխանատու աշխատանքում։ Դեսպան Ջոել Լիոնը նշեց, որ ամեն ջանք կգործադրի հայ-իսրայելական համագործակցության ընդլայնման և խորացման համար։ Կողմերն ընդգծեցին, որ երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման մեծ ներուժ կա, և անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել երկկողմ օրակարգը որակապես նոր բովանդակությամբ լրացնելու համար։
Հայաստան կատարած այցի ընթացքում պարոն Ջոել Լիոնն այցելեց Հայաստանի հրեական համայնքի գրասենյակ և հանդիպեց համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանի հետ։ Քննարկվեցին Հայաստանում հրեաների կյանքին վերաբերող հարցեր՝ ինչ խնդիրներ ենք ստիպված լուծել, արդյոք բախվում ենք հակասեմականության դրսևորումների և այլն։ Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Իսրայելի պատվավոր հյուպատոս պարոն Աշոտ Շահմուրադյանը։



Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 7 (223) համարում, 2022 թ. հուլիս։
