Դաշնակահարուհի Էլիսո Բոլկվաձեի համերգին

Մայիսի 21-ին մեր համայնքի դասական երաժշտության սիրահարները նվեր ստացան։ Հայաստանի վրացական «Իվերիա» համայնքի նախագահ Սվետլանա Նամչևաձեն մեզ նվիրեց մի քանի հրավիրատոմս վրացի դաշնակահարուհի Էլիսո Բոլկվաձեի համերգին։

Էլիսոն շատ հայտնի դաշնակահարուհի է, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր՝ Վան Քլայբերնի անվան (ԱՄՆ), Վիանա դա Մոտայի անվան (Լիսաբոն, Պորտուգալիա), Դուբլինի դաշնակահարների միջազգային մրցույթի (Իռլանդիա), Մարգարիտ Լոնի անվան (Փարիզ, Ֆրանսիա)։ Վան Քլայբերնի մրցույթում հաջող ելույթից հետո նա սկսեց ակտիվորեն ելույթներ ունենալ աշխարհի ամենահեղինակավոր դահլիճներում, ինչպիսիք են Քենեդի կենտրոնը (Վաշինգտոն), Պասադենայի աուդիտորիան (Լոս Անջելես), «Հերկուլես» դահլիճը (Մյունխեն), Հին օպերան (Ֆրանկֆուրտ), Ելիսեյան դաշտերի թատրոնը (Փարիզ), Սանտա Ֆեի արվեստների փառատոնը։ Համագործակցել է Լայպցիգի Գևանդհաուս նվագախմբի, Ֆրանսիայի ռադիոյի նվագախմբի, Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիայի ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի, Ուկրաինայի ազգային ֆիլհարմոնիայի, Վրաստանի ազգային նվագախմբի, Պրահայի սիմֆոնիկ նվագախմբի և այլ կոլեկտիվների հետ։

2014 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Էլիսո Բոլկվաձեին շնորհեց «ՅՈՒՆԵՍԿՕ-ի արտիստ՝ հանուն խաղաղության» կոչումը։ Դրա հիմքում ոչ միայն նրա պրոֆեսիոնալիզմն էր, այլև աշխարհի տարբեր անկյուններում երկար տարիների բարեգործական գործունեությունը, մասնավորապես երիտասարդ տաղանդավոր երաժիշտներին աջակցող «Լիրա» հիմնադրամի միջոցով։

Եվ ահա, վերջապես, նա եկավ մեզ մոտ՝ Երևան։ Շոպենի, Մոցարտի, Պրոկոֆևի հրաշալի կատարումը ծափահարությունների տարափ էր առաջացնում։ Իսկ երբ Էլիսոն նվագեց Կոմիտասի մի քանի ստեղծագործություն, դահլիճը պայթեց ովացիաներից։ Դաշնակահարուհու թեթև հպումն ու ֆիլիգրանային տեխնիկան ոչ ոքի անտարբեր չթողեցին։ Երեկոն ավարտվեց Շուբերտի «Էքսպրոմտի» հրաշալի կատարմամբ՝ բիսի համար։

Մեր մեծ շնորհակալությունը Սվետլանա Նամչևաձեին հրաշալի երաժշտությունը վայելելու հնարավորության համար։

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 5 (245) համարում, 2024 թ. մայիս։