Հոկտեմբերին Երևանում փայլուն անցավ ականավոր դաշնակահար Եվգենի Կիսինի համերգը։ Բախտավորները, ովքեր եղել էին համերգին, դրա մասին խոսում էին միայն գերադրական աստիճանով։ Սա համաշխարհային համբավ ունեցող դաշնակահար է, և մեզ առավել հաճելի է խոսել նրա մասին, որովհետև Եվգենի Կիսինը հրեա է, իսկ նրա կինը՝ Կարինա Արզումանովան, հայուհի։
Եվգենի Կիսինը մեր ժամանակի ամենապահանջված երաժիշտներից է։ Նա հյուրախաղերով շրջում է ամբողջ աշխարհում, ինտենսիվ համերգային գործունեություն է ծավալում Եվրոպայում, Ամերիկայում և Ասիայում, ելույթ է ունեցել աշխարհի առաջատար նվագախմբերի հետ՝ Կլաուդիո Աբադոյի, Վլադիմիր Աշքենազիի, Դանիել Բարենբոյմի, Վալերի Գերգիևի, Կառլո Մարիա Ջուլինիի, Մստիսլավ Ռոստրոպովիչի, Եվգենի Սվետլանովի, Յուրի Տեմիրկանովի և այլոց ղեկավարությամբ։ Նրա ծնողները՝ Իգոր Բորիսովիչը և Էմիլիա Արոնովնան, կարողացան դաստիարակել ոչ միայն հանճարեղ երաժիշտ, այլև հրաշալի մարդ։
Կիսինը բազմիցս մեծ օգնություն է ցուցաբերել Հայաստանին, և ոչ միայն ֆինանսական։ Նա օգնել է Սպիտակի երկրաշարժից հետո, օգնել է բուժման կարիք ունեցող հայ երեխաներին և որբերին. բազմաթիվ բարեգործական համերգների հասույթը փոխանցվել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամին։ Նա օգնել է Գյումրիում գիմնազիայի կառուցմանը և Բյուրականում Արվեստների ակադեմիայի համար դաշնամուր գնելուն։ Նրա մրցանակները, պարգևները և պատվավոր կոչումները հիացնում են. նա, մասնավորապես, Մանհեթենի երաժշտական դպրոցի երաժշտության պատվավոր դոկտոր է և Լոնդոնի Թագավորական երաժշտական ակադեմիայի պատվավոր անդամ։
37 տարի առաջ՝ 1984 թվականի սեպտեմբերին, տասներկուամյա Ժենյա Կիսինն առաջին անգամ եկավ Հայաստան Վլադիմիր Սպիվակովի «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի հետ՝ «Մոսկվայի վիրտուոզները՝ Հայաստանի աշխատավորներին» փառատոնին։ Համերգներից մեկից առաջ տոմսավաճառուհին, չճանաչելով տղայի մեջ վիրտուոզ դաշնակահարին, չէր ուզում նրան ներս թողնել ֆիլհարմոնիա, որովհետև… նա տոմս չուներ։ Երբ Ժենյան այդ մասին պատմեց Երևանի կոնսերվատորիայի ռեկտոր, ականավոր կոմպոզիտոր Ղազարոս Սարյանին, վերջինս տղային ասաց.
«Ժենյա, ամենագլխավորը՝ երբեք մի՛ կորցրու հումորի զգացումը։ Ահա քեզ վրա գոռում են, ներս չեն թողնում, իսկ դու պարզապես հանգիստ ասա. „Ինձ պետք է անցնել“։ Մինչ այդ ինչ-որ մեկը կմոտենա և կբացատրի. „Նա արտիստ է, թողեք անցնի“։ Իսկ եթե անմիջապես բարկանաս. „Սա անկարգություն է։ Ես արտիստ եմ“,— նշանակում է՝ պարզապես կորցրել ես հումորի զգացումը»։
Համերգից հետո Ղազարոս Սարյանը մոսկովյան հյուրերին տարավ Հայաստանին ծանոթացնելու և այնքան հիասքանչ պատմեց ու ցույց տվեց երկիրը, որ պատանի դաշնակահարի նուրբ հոգին ընդմիշտ սիրահարվեց Հայաստանին։ Այդ ժամանակվանից ի վեր, Հայաստան գալով, երաժիշտը հրաժարվում է նույնիսկ ամենահամեստ վարձատրությունից և միևնույն ժամանակ սկզբունքորեն չի ընդունում այն առասպելական հոնորարները, որոնք նրան առաջարկում են Թուրքիայում ելույթների համար։ Եվգենի Կիսինը հայտարարել է, որ ելույթ չի ունենա Թուրքիայում, քանի դեռ այն պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Հոկտեմբերի 10-ին Եվգենի Կիսինը դարձավ 50 տարեկան։ Շնորհավորում ենք մեծ երաժշտին հոբելյանի առթիվ և մաղթում ստեղծագործական հաջողություններ և երկար տարիներ։

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 8 (215) համարում, 2021 թ. հոկտեմբեր։
