Ռիմմա Վարժապետյանը Եվրասիական հրեական կոնգրեսի վեհաժողովում և համաժողովում

Եվրասիական հրեական կոնգրեսի վեհաժողովում

Նոյեմբերի 30-ին Իսրայելում տեղի ունեցավ Եվրասիական հրեական կոնգրեսի հերթական վեհաժողովը։ Այն նվիրված էր կոնգրեսի 30-ամյակին, որը նշվում է այս տարի։

Մեր համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանը Եվրասիական հրեական կոնգրեսի վերստուգիչ հանձնաժողովի անդամ է։ Այժմ նման նիստերն անցկացվում են համացանցով, և նա նիստին մասնակցեց Zoom հարթակի միջոցով։ Իր ելույթում նա հավանություն տվեց կազմակերպության գործունեությանը։ Նիստում ամփոփվեցին 2022 թվականի գործունեության արդյունքները։

Եվրասիական հրեական կոնգրեսի համաժողովը

Դեկտեմբերի 6-ին Իսրայելում առցանց ռեժիմով տեղի ունեցավ Եվրասիական հրեական կոնգրեսի «Հրեական կյանքի ապագան հետխորհրդային երկրներում» համաժողովը, որը կազմակերպվել էր The Jerusalem Post թերթի հետ համատեղ։

Համաժողովին մասնակցեցին Եվրասիական հրեական կոնգրեսի նախագահ դոկտոր Միխայիլ Միրիլաշվիլին, Համաշխարհային հրեական կոնգրեսի նախագահ Ռոնալդ Ս. Լաուդերը, սփյուռքի հարցերով նախարար Նախման Շայը, Ռուսաստանում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին, Ուկրաինայում Իսրայելի դեսպան Միխայիլ Բրոդսկին, նախկին նախարար և Հրեական գործակալության նախագահ Նաթան Շչարանսկին, Եվրասիական հրեական կոնգրեսի գլխավոր տնօրեն դոկտոր Խաիմ Բեն Յաակովը և այլ պատվավոր հյուրեր։

Համաժողովի մասնակիցները քննարկեցին հետխորհրդային երկրներում հումանիտար ճգնաժամը, որը խիստ ազդել է տեղի հրեական համայնքների վրա, ինչպես նաև այն խնդիրները, որոնք դրա կապակցությամբ ծառացել են Իսրայելի և հրեական աշխարհի առջև։ Համաժողովը նույնպես նվիրված էր Եվրասիական հրեական կոնգրեսի 30-ամյակին. 90-ականների սկզբին՝ ԽՍՀՄ փլուզումից հետո, կոնգրեսն իր գործունեությունը սկսել է որպես խորհրդային հրեության փոքր պատվիրակություն Համաշխարհային հրեական կոնգրեսի կազմում։

Մեր համայնքը՝ ի դեմս նախագահ Ռիմմա Վարժապետյանի, մասնակցեց այս համաժողովին։

Եվրասիական հրեական կոնգրեսի «Հրեական կյանքի ապագան հետխորհրդային երկրներում» համաժողովը

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 12 (228) համարում, 2022 թ. դեկտեմբեր։