2021 թվականի ապրիլի 8. Եվրոպական հրեության Աղետի և հերոսության օր

2021 թվականի ապրիլի 8։ Այս օրը Իսրայելը նշում է Եվրոպական հրեության Աղետի և հերոսության օրը, որը սահմանվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կողմից սպանված վեց միլիոն հրեաների հիշատակին։ Ահա և Հայաստանի հրեական համայնքի անդամները այս օրը հավաքվեցին Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ՝ հարգելու զոհվածների հիշատակը։

Փոքրիկ հանրահավաքը բացեց ՀՀՀ նախագահ Ռիմմա Վարժապետյանը։ Աչքերին արցունքներ՝ նա խոսում էր Օսվենցիմի և մահվան այլ ճամբարների վառարաններում այրված անմեղ զոհերի մասին։ Խոսում էր նաև Վարշավայի գետտոյի ապստամբության մասին, որը բռնկվեց 1943 թվականին և դարձավ այն դիմադրության խորհրդանիշը, որը հրեաները ցույց էին տալիս մահվան լավ կարգավորված մեքենային։

Մեր միջոցառմանը մասնակցեցին նաև Հայաստանի տարածքում բնակվող այլ ազգային փոքրամասնությունների համայնքների նախագահները, հանրահավաքին եկավ և հավաքվածների առջև ելույթ ունեցավ իսրայելցի ֆուտբոլային մարզիչ Ալբերտ Սոլոմոնովը, որն այժմ մարզում է Վանաձոր քաղաքի թիմը։

Հայաստանում հայտնի դերասան, մեր համայնքի անդամ Արսեն Կոլոմեերը ընթերցեց Իմանուիլ Գլեյզերի շատ ուժեղ բանաստեղծությունը՝ «Ես կկրեմ Դավթի աստղը»։ Եվ, վերջապես, Հայաստանի գլխավոր ռաբբի Գերշոն Մեիր Բուրշտեյնը ելույթ ունեցավ հավաքվածների առջև, աղոթք ընթերցեց, վառեց 6 մոմ՝ ի հիշատակ վեց միլիոն զոհվածների։

Հուշարձանին պսակ և ծաղիկներ դրվեցին։ Միջոցառումը նկարահանում էր հայկական հեռուստատեսությունը։