Հունիսի 26-ից 28-ը Բուդապեշտում անցկացվեց Համաշխարհային հրեական կոնգրեսի ազգային համայնքների տնօրենների 7-րդ ֆորումը (NCDF), որին մասնակցեց նաև մեր համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանը։ Այս միջոցառման մասին հայտարարել էինք թերթի հունիսյան համարում։
NCDF-ը համախմբում է Համաշխարհային հրեական կոնգրեսի հետ կապված հրեական համայնքների բարձրաստիճան և պրոֆեսիոնալ աշխատակիցներին ամբողջ աշխարհից։ Ֆորումը ծառայում է որպես հարթակ համայնքների միջև կապերի ամրապնդման համար և հնարավորություն է տալիս փոխանակվել գաղափարներով և լավագույն փորձով։
Ֆորումին մասնակցեցին 45 երկրի հրեական կենտրոնների 55 տնօրեններ։ Քննարկվեցին հրեական համայնքների կյանքը համավարակից հետո, ծայրահեղական քաղաքական կուսակցությունների աճը, հրեական համայնքային առաջնորդների նոր սերնդի դաստիարակությունը և Ուկրաինայում շարունակվող հակամարտության հետևանքները հրեական համայնքների համար։ Հանդիպման շրջանակում տեղի ունեցավ նաև ընթրիք՝ Հունգարիայի ազգային իշխանությունների ներկայացուցիչների և դիվանագետների մասնակցությամբ։
Ներկայացնում ենք այն զեկույցը, որով Ռիմմա Վարժապետյանը հանդես եկավ ֆորումում։
Հարգելի՛ ֆորումի մասնակիցներ։ Հարգելի՛ կազմակերպիչներ։ Հարգելի՛ պարոն Շտեռն։
Շնորհակալ եմ ֆորումի կազմակերպիչներին՝ բոլորով միասին հավաքվելու և մեզ համար կարևոր հարցեր քննարկելու հնարավորության համար՝ ամբողջ աշխարհի համար այս բարդ ժամանակահատվածում։ Բոլորիդ արդյունավետ աշխատանք եմ մաղթում։
Մենք խորապես մտահոգված ենք Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով և, իհարկե, զգում ենք դրա հումանիտար և տնտեսական հետևանքները։ Ինձ համար սա անձնական ցավ է. ես ծնվել եմ Ուկրաինայում, այնտեղ են մնացել քույրս, եղբորս ընտանիքը, զարմիկներս և հարազատ եղբորս նորածին ծոռը։ Փոքրիկը տարհանման մեջ հայտնվեց նույն տարիքում, ինչ իմ հանգուցյալ եղբայրը, որը 1941 թվականին՝ որպես կրծքի երեխա, մայրիկիս ընտանիքի հետ Ուկրաինայից տարհանվել էր Ուրալ։
Հայաստանը, ինչպես տարածաշրջանի և աշխարհի շատ երկրներ, դժվարին ժամանակներ է ապրում։ Վերջին չորս ամսում հանրապետություն է ժամանել ավելի քան 100 հազար էմիգրանտ Ռուսաստանից և փոքր թվով՝ Ուկրաինայից։ Ոմանք կարճատև մնալուց հետո մեկնել են երրորդ երկրներ կամ վերադարձել Ռուսաստան, մյուսները մնացել են Հայաստանում և փորձում են ինտեգրվել հանրապետության կյանքին։
Նոր ժամանածների թվում կան երեխաներով հրեական ընտանիքներ։ Հայաստանի հրեական համայնքը փորձում է ամեն կերպ աջակցել նրանց։ Նրանք համայնք են գալիս ալիայի կազմակերպման, ինչպես նաև կենցաղային տարբեր հարցերով խորհրդատվության, հաճախում են եբրայերենի դասերի, հետաքրքրվում են ինչպես Իսրայելի, այնպես էլ Հայաստանի ավանդույթներով և պատմությամբ։ Որպես «Նատիվի» լիազոր՝ ես խորհրդատվություն եմ տալիս հայրենադարձության հարցերով, ստուգում եմ փաստաթղթերը և օգնում եմ փաստաթղթերի փաթեթ պատրաստել նրանց, ովքեր ցանկանում են անցնել հյուպատոսական ստուգում։
Այսօրվա դրությամբ ես ընդունել եմ ավելի քան 230 մարդու, որոնք «Վերադարձի մասին» օրենքով իրավունք ունեն դիմելու Իսրայելի հյուպատոսություն՝ ալիա կազմակերպելու համար։ Ցավոք, այս ընթացակարգում մեծ խնդիր կա. Իսրայելի տարածաշրջանային ներկայացուցչությունը և հայրենադարձության հարցերով հյուպատոսը գտնվում են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։
Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հակամարտության հետևանքով Հայաստանի քաղաքացիներն ու հյուրերը չեն կարող այցելել Բաքու։ Մենք կարող ենք հանդիպել հյուպատոսի հետ միայն Թբիլիսի նրա այցերի ժամանակ։ Բայց հյուպատոսը Բաքվից Թբիլիսի է գալիս 3–4 ամիսը մեկ անգամ՝ երկու շաբաթով, և միայն օրերից մեկում է ընդունում Հայաստանից եկած ընտանիքներին, այդ թվում Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին։ Հյուպատոսի ընդունելությանը գնալը հոգնեցուցիչ է և տևում է առնվազն մեկ օր. ճանապարհը՝ ավելի քան 12 ժամ, մաքսատուն, սահմանային հսկողություն և բուն ստուգումը հյուպատոսի մոտ։ Մենք խնդրել ենք «Նատիվին» այս լարված ժամանակահատվածում հյուպատոսին ուղարկել Հայաստան, բայց հարցը դեռ լուծված չէ։
Հունիսի 1-ին մենք Թբիլիսի տարանք 52 մարդու (այդ թվում ՌԴ քաղաքացիների), և գրեթե բոլորը ստացան հայրենադարձվելու թույլտվություն։ Ուզում եմ նշել Հայաստանի տեղի բնակչության բարյացակամ վերաբերմունքը եկվորների նկատմամբ՝ անկախ ազգային պատկանելությունից։ Փոքրիկ Հայաստանի համար արժեքավոր է յուրաքանչյուր նոր ժամանած։ Նրանց համար, ովքեր նախատեսում են մնալ Հայաստանում, մենք կազմակերպել ենք իրավաբանական խորհրդատվություն և ըստ հնարավորության օգնում ենք աշխատանքի տեղավորվելու հարցում։ Հիմա կարևոր է կարողանալ կազմակերպել ամառային ճամբար երեխաների և դեռահասների համար։ Մենք արդեն պատրաստել ենք ամառային հրեական ճամբարի նախագիծը։ Ծնողները պատրաստ են օգնել և նյութապես մասնակցել, բայց մեզ անհրաժեշտ է արտաքին ֆինանսավորում։
Տնտեսությունը և գների աճը մեր գործունեության համար անհաղթահարելի ֆինանսական դժվարություններ են ստեղծել, և մեզ օգնություն է անհրաժեշտ։ Գներն աճում են ամենուր, և Հայաստանը բացառություն չէ։
Շատ եմ հուսով, որ պատերազմը շուտով կավարտվի, և մարդիկ կկարողանան վերադառնալ իրենց հայրենիք։
Օգտվելով առիթից՝ ուզում եմ անձամբ շնորհակալություն հայտնել Մայա Սամոկովլիային և Միլա Ստոյանովիչին հիանալի կազմակերպման և մեզ բոլորիս ցուցաբերած ակտիվ օգնության համար։




Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 7 (223) համարում, 2022 թ. հուլիս։
