Ֆորում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի և Հայրենական մեծ պատերազմի ավարտի 80-ամյակի առթիվ Հայաստանի հրեական համայնքը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ անցկացրեց գիտական նիստ՝ հասարակական ֆորում։ Ֆորումն ուղղված է հայ-իսրայելական հարաբերությունների զարգացմանը։

Ֆորումում քննարկվեցին երկկողմ նշանակության հարցեր, խոսվեց մեր ժողովուրդների ճակատագրերի նմանության մասին, այն մասին, թե ինչպես աշխարհի անտարբերությունը Ցեղասպանության նկատմամբ հանգեցրեց Հոլոքոստի։

Ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանը։

Ֆորումում զեկուցումներով հանդես եկան Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող, Ցեղասպանության հարցերով փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Մանուկյանը, պատմական գիտությունների դոկտոր, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Հարություն Մարությանը, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ Գեորգի Ֆայվուշը։

Գեորգի Ֆայվուշն իր զեկուցման մեջ համեմատեց ժամանակակից Իսրայելի և Հայաստանի պատմությունները՝ անկախության հռչակման պահից։ Երկու երկրներն էլ գրեթե անմիջապես հայտնվեցին պատերազմական պայմաններում։ Իսկ հետո սկսվեցին տարբերությունները։ Եթե Իսրայելը միշտ հաղթական էր պատերազմում, ապա Հայաստանը երեսուն տարի չէր պատերազմում և լիովին թուլացրել էր զգոնությունը։ Իսկ Ադրբեջանը ուժեր էր կուտակում, ինչը հանգեցրեց բոլորին հայտնի արդյունքին։

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 5 (257) համարում, 2025 թ. մայիս։