Դեկտեմբերի 12-ին Մատենադարանում իր աշխատանքը սկսեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումը, որը նվիրված էր նոր տեխնոլոգիաների դարաշրջանում ցեղասպանության կանխարգելման խնդրին։ Ֆորումը տևեց երկու օր։ Նիստերում քննարկվեցին ցեղասպանության կանխարգելման գործում նոր տեխնոլոգիաների կիրառման խնդիրները, հնարավորություններն ու հեռանկարները։
Ֆորումը կազմակերպվել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի աջակցությամբ, Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության և Զանգվածային հանցագործությունների կանխարգելման գլոբալ գործողությունների (GAAMAC) հետ սերտ համագործակցությամբ։
IV գլոբալ ֆորումը նվիրված էր նաև «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունմանը և Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի, արժանապատվության հարգման և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան, որը նշվում է ամեն տարի դեկտեմբերի 9-ին։ Այս օրը սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2015 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 69/323 բանաձևով։ Բանաձևի ընդունումը նախաձեռնել է Հայաստանը՝ ցեղասպանության կանխարգելման մասին իր բանաձևի հիման վրա, որը 2015 թվականին միաձայն ընդունվել էր ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից։
Ֆորումն ավարտվեց ցեղասպանության և այլ դաժան հանցագործությունների վաղ կանխարգելման ու կանխման, ինչպես նաև դրանց մանիպուլյատիվ օգտագործման դեմ պայքարի համար առաջատար տեխնոլոգիաների ներուժի օգտագործման համատեղ գործողությունների մասին հռչակագրի ընդունմամբ։
Ֆորումին հրավիրված էր և մասնակցեց Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանը։


Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 12 (252) համարում, 2024 թ. դեկտեմբեր։
