Եբրայական ծագումով հայ մարտիկ Գենադի Սուլկիսը

Պատերազմը վիշտ է, ցավ և հերոսություն։ Որքան ողբերգական պատմություններ են տեղի ունենում պատերազմում… Ահա դրանցից մեկը։

Գենադի Էլյամ-Արոնովիչ Սուլկիսը հրեական ծագումով հայ մարտիկ է։ Ծնվել է 1956 թվականի հունվարի 7-ին Բիրոբիջանում (Հրեական ինքնավար մարզ, ԽՍՀՄ)։

1988 թվականի դեկտեմբերին՝ երկրաշարժի օրերին, նա փրկարարական ջոկատի կազմում ժամանեց Հայկական ԽՍՀ աղետի գոտի։ Ընկերանալով արցախցի հայերի հետ՝ Ադրբեջանի հետ պատերազմի սկզբին միացավ կամավորական ջոկատներից մեկին։ Հետագայում կռվել է Կենտրոնական պաշտպանական շրջանի 6-րդ դասակում։ Մասնակցել է մարտերի Պողոսագոմերի, Վաղուհասի, Հարությունագոմերի, Գետավանի, Հաթերքի, Զագլիկի, Ումուդլուի, Չափարի և այլ բնակավայրերի շրջանում։

Գենադի Սուլկիսը զոհվել է 1992 թվականի օգոստոսի 25-ին Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի մոտ տեղի ունեցած մարտերում։ Թաղված է Ստեփանակերտի հուշահամալիրում։ Ամուսնացած էր, ուներ չորս երեխա։

Նրա ծնողները չգիտեին, որ իրենց որդին պատերազմ է գնացել։ Մինչև 2016 թվականը նա համարվում էր անհետ կորած։ Միայն պատահաբար նրա եղբայրը՝ Միխայիլ Սուլկիսը, նրա անունը գտավ Արցախում զոհվածների ցուցակներում և Անկախության օրը Իսրայելից ժամանեց Ստեփանակերտ՝ այցելելու ավագ եղբոր գերեզմանին…

Գենադի Սուլկիս

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 6 (222) համարում, 2022 թ. հունիս։