Պրոֆեսոր Գեորգի Ֆայվուշի հարցազրույցը կլիմայի փոփոխության մասին

Մայիսի 16-ին լույս տեսավ «Голос Армении» թերթի համարը, որում տպագրված է ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի երկրաբուսաբանության և էկոլոգիական ֆիզիոլոգիայի բաժնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, մեր համայնքի նախագահի տեղակալ պրոֆեսոր Գեորգի Ֆայվուշի հարցազրույցը։ Հարցազրույցը նվիրված է կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրներին։ Ներկայացնում ենք մի փոքր հատված դրանից։

— Պարոն Ֆայվուշ, որքանո՞վ է լուրջ կլիմայի փոփոխության խնդիրը։

— Կլիմայի փոփոխությունը և դրա հետ կապված սպառնալիքները համալիր գիտական մոտեցում են պահանջում։ Երկիրը բաց էկոհամակարգ է, որի վրա ազդում են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոններ։ Բայց մենք բավականին քիչ գիտենք մեր մոլորակի կլիմայի և կենդանի օրգանիզմների վրա Արեգակի և տիեզերական ճառագայթման ազդեցության մասին։ Երաշտներն ու ջրհեղեղները, անապատացումը, ցանքատարածությունների կրճատումը. այս բոլոր հարցերը լուրջ ուսումնասիրություն և արդյունավետ լուծումների որոնում են պահանջում, որոնք դեռ ոչ ոք չի առաջարկել։ ԱԷԿ-երից հրաժարվելու անհրաժեշտության և կանաչ էներգետիկայի մասին խոսակցությունները դժվար թե կարելի է լուծում համարել, քանի որ այդ կերպ մարդկության էներգետիկ կարիքները հոգալ չի հաջողվի, իսկ հետևանքները կարող են շատ ծանր լինել… Այսօր կենդանիների և բույսերի որոշ տեսակներ անհետանում են, բայց ես հակված եմ կարծելու, որ կլիման փոխվում է հիմնականում բնական պատճառներով, թեև մարդածին գործոնը նույնպես, անկասկած, նշանակություն ունի։

— Որևէ մեկը զբաղվո՞ւմ է այս խնդրի լուծումների որոնմամբ։

— Կլիմայի փոփոխությանը հարմարվելը շատ լուրջ հարց է։ Ես եղել եմ կլիմայի փոփոխության վերաբերյալ երրորդ ազգային զեկույցի հարմարվողականության բաժնի համակարգողը, որում ներառված են այս խնդրի տարբեր կողմերը… Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված է բույսերի 452 տեսակ, բայց կլիմայի փոփոխությունն իրապես վտանգավոր կդառնա շատ նեղ էկոլոգիական ամպլիտուդ ունեցող մոտ 70 տեսակի համար. նրանք պարզապես գնալու տեղ չեն ունենա։ Նախկին բնակավայրը անբարենպաստ կդառնա, իսկ կյանքի համար այլ հարմար պայմաններ նրանք չեն գտնի, կամ այդ պայմանները չափազանց հեռու կլինեն։ Մյուս տեսակներին դա գործնականում չի սպառնում։ Բայց կլիմայի փոփոխության հետևանքով բուսականության բոլոր գոտիական տիպերը՝ կիսաանապատները, տափաստանները, մարգագետինները, լեռնային պրոֆիլով 200–300 մետր վեր կտեղաշարժվեն, և այդ էկոհամակարգերի կառուցվածքը կփոխվի։

— Կա՞ն ծրագրեր, որոնք նպաստում են կենսաբազմազանության պահպանմանը։ Կարելի՞ է օգնել էկոհամակարգերին հարմարվել նոր պայմաններին։

— Ծրագրեր, իհարկե, կան, ընդ որում՝ տարբեր՝ կենսաբազմազանության, գյուղատնտեսության և այլն։ Գյուղատնտեսության մեջ, օրինակ, հատուկ ուշադրություն պետք է դարձնել շրջանացմանը։ Բայց գործը խոսակցություններից այն կողմ չի գնում։ Շրջակա միջավայրի նախարարությունում գործում է կլիմայի փոփոխության կենտրոն, հրապարակվել է այդ հարցի վերաբերյալ չորրորդ ազգային հաղորդագրությունը։ Այդ աշխատանքում ներգրավվում են մասնագետներ, և ազգային զեկույցներում տրվում են անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու հիմնական առաջարկությունները։

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 5 (221) համարում, 2022 թ. մայիս։