Երբեմն մենք ապրում ենք օրեր, որոնք երկար են մնում հիշողության մեջ, և դրանց մասին հիշողությունները դեռ երկար ժամանակ հոգին լցնում են հաճելի զգացողությամբ։
Հենց այդպիսի մի օր էր ամառվա վերջին, երբ համայնքի ակտիվիստները էքսկուրսիայի մեկնեցին փառավոր Գյումրի քաղաք։ Այս ուղևորությունը կայացավ ՀՀ կառավարության կողմից մեր համայնքին «Ծանոթ-անծանոթ Հայաստան» ծրագրի իրականացման համար հատկացված միջոցների շնորհիվ։ Այս ծրագրի շրջանակում մենք արդեն եղել ենք Նորավանքում և Եղեգիս գյուղի հրեական գերեզմանատանը։ Եվ ահա այժմ կայացավ ուղևորությունը Գյումրի։
Այս քաղաքը չի կարող չհիացնել այցելուներին իր՝ ավերակներից վերականգնված տեսքով։ Գյումրեցիները սիրով և մեծ զգուշությամբ էին վերականգնում իրենց հարազատ քաղաքը 1988 թվականի ահավոր երկրաշարժից հետո։ Ամեն քար, որը հնարավոր էր պահպանել, պահպանվեց։ Ամեն տաճար, տուն, շինություն, որը ենթակա էր վերականգնման, վերականգնվեց։ Եվ քաղաքը սկսեց ապրել նոր կյանքով՝ միաժամանակ պահպանելով իր գեղեցիկ տեսքը, ինքնատիպությունն ու կոլորիտը։
Այդ օրը մենք շատ բան տեսանք. համտեսեցինք գյումրիական հայտնի հսկայական պոնչիկները, զբոսնեցինք քաղաքի փողոցներով, որոնք զարմացնում են իրենց մաքրությամբ, այցելեցինք Ֆրունզիկ Մկրտչյանի թանգարան, նստեցինք այն բակում, որտեղ նկարահանվել է «Մեր մանկության տանգոն» ֆիլմը, բարձրացանք Սև ամրոց՝ Ռուսական կայսրության ժամանակների ամրոց, որը կառուցվել է XIX դարի կեսերին՝ 1828–1829 թվականների ռուս-թուրքական պատերազմի ավարտից հետո։ Այսօր այն Գյումրու գլխավոր պատմական և ճարտարապետական արժեքներից է։
Արդեն երեկոյան մենք իջանք «Չերքեզի ձոր»՝ ռեստորան, որը կարելի է անվանել Գյումրու իսկական մարգարիտ և գտածո ձկնային ուտեստների բոլոր սիրահարների համար։ Սկզբում այստեղ ձկնաբուծարան էր, սակայն ժամանակի ընթացքում գնորդները ոգեշնչեցին տերերին բացել ռեստորան և իրենք պատրաստել ձուկը, որպեսզի այն պահպանի իր անկրկնելի թարմ համը։ Այս վայրը հաճելի է իր տեսքով և դիրքով. մենք իսկական հաճույք ստացանք՝ զբոսնելով նրա գեղատեսիլ արահետներով, այգով և ջրավազանների մոտով։
Ամփոփելով՝ կրկնեմ. դա հրաշալի օր էր, որը երկար կմնա մեր հիշողության մեջ։










Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 9 (249) համարում, 2024 թ. սեպտեմբեր։
