Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը. «Հակասեմականության արմատները» սեմինարը և ծաղկեպսակներ հուշարձանին

Այս տարի Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը նշանավորվեց սեմինարով, որը մենք անցկացրինք Ամերիկյան համալսարանում։

Սեմինարն անցավ «Հակասեմականության արմատները» խորագրով։ Իրականում դա դաս էր։ Դաս, որի ընթացքում համալսարանի ուսանողները և ներկա գտնվող Հայաստանի հրեական համայնքի անդամները շատ նոր բաներ իմացան այն պատմական փաստերի մասին, որոնք հանգեցրել են հակասեմականության առաջացմանն ու տարածմանը։

Սեմինարը վարեցին Ամերիկյան համալսարանի դասախոս Սուրեն Մանուկյանը և Արտակ Վարժապետյանը։

Դա հետաքրքիր էքսկուրս էր պատմության մեջ։ Օրինակ՝ պատմություններ միջնադարի մասին, երբ Եվրոպայում ժանտախտ էր մոլեգնում, և հրեաները, իրենց կրոնականության և մաքրասիրության շնորհիվ (ուտելուց առաջ ձեռքերը լվանալը պարտադիր էր), մեծ մասամբ կարողացան ողջ մնալ։ Երկու տարվա ընթացքում համաճարակը խլեց միլիոնավոր կյանքեր, բայց գրեթե չդիպավ քաշրութը պահպանող հրեաներին. քաշրութը խիստ սահմանափակումներ է սահմանում սննդամթերքի և սննդի պատրաստման կանոնների վերաբերյալ։ Այդ փաստն առիթ դարձավ զրպարտության համար։ Հրեաների մաքրասիրությունը, որը նրանց պաշտպանեց վարակից, ատելության ալիք առաջացրեց հիգիենայի հիմունքներին անծանոթ ամբոխի մոտ։

Մեզ պատմեցին նաև Դրեյֆուսի գործի մասին. նա ֆրանսիական բանակի գլխավոր շտաբում միակ հրեան էր, որին մեղադրեցին Գերմանական կայսրության օգտին լրտեսության մեջ։ Կեղծ փաստաթղթերի օգնությամբ և ուժեղ հակասեմական տրամադրությունների ալիքի վրա ռազմական դատարանը նրան զրկեց կոչումից և դատապարտեց ցմահ աքսորի։ Բարեբախտաբար, գործն այնքան լայն արձագանք ստացավ հասարակության մեջ, որ գտնվեցին պարկեշտ մարդիկ, օրինակ՝ գրող Էմիլ Զոլան, որոնց հաջողվեց վերականգնել սպայի բարի անունը և արդարացնել նրան։

Այս և շատ այլ բաների մասին պատմվեց սեմինարում։ Շնորհակալ ենք Եվրոպական հրեական հիմնադրամին, որն օգնեց մեզ իրականացնել այս շատ կարևոր սեմինարը։

Ծաղկեպսակներ հուշարձանին

Հունվարի 27-ին «Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության զոհերին» հուշարձանին ծաղկեպսակներ դրվեցին Հայաստանի հրեական համայնքի, Հայաստանում Իսրայելի պատվավոր հյուպատոս Աշոտ Շահմուրադյանի և Ֆրանսիայի դեսպանատան կողմից։ Մեծ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր հարգում են Հոլոքոստի կրակում այրված անմեղ զոհերի հիշատակը։

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 2 (254) համարում, 2025 թ. փետրվար։