Բաքվից սերված իսրայելցի լրագրող Արիե Գուտը հերթական անգամ փորձեց սրել Իսրայելի և Հայաստանի հարաբերությունները, հայտարարում են Հրեական համայնքում։
Երևանում «Ցեղասպանության և Հոլոքոստի զոհերին» հուշարձանը պղծված չի եղել, հայտարարում է Հայաստանի հրեական համայնքը։ Sputnik Արմենիա-ի խմբագրություն ուղարկված մամուլի հաղորդագրությունում հերքվում է հուշահամալիրի իբր պղծման մասին տեղեկությունը։
«Մեզ հայտնի դարձավ սկանդալային համբավ ունեցող «լրագրող» Արիե Գուտի հերթական զրպարտագրի մասին։ Կոպտորեն օգտագործելով ֆոտոշոփ՝ նա «Ցեղասպանության և Հոլոքոստի զոհերին» հուշարձանի լուսանկարը ներկայացրել է պղծված տեսքով, ինչը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Այս ակցիայի ենթատեքստն ակնհայտ է՝ սեպ խրել մեր ժողովուրդների միջև»,— ասված է հաղորդագրությունում։
Բաքվից սերված իսրայելցի լրագրող Արիե Գուտը հերթական անգամ փորձեց սրել Իսրայելի և Հայաստանի հարաբերությունները, հայտարարում է Հրեական համայնքը։ Հայտարարությունում հույս է հայտնվում, որ սադրանքը պատշաճ իրավական գնահատական կստանա ինչպես Իսրայելում, այնպես էլ Համաշխարհային հրեական կոնգրեսում և Եվրասիական հրեական կոնգրեսում։
«Պահանջում ենք Արիե Գուտին քրեական պատասխանատվության ենթարկել ազգամիջյան թշնամանք հրահրելու փորձ պարունակող բազմաթիվ սադրիչ հոդվածների համար։ Հայաստանում երբեք հակասեմականություն չի եղել և չկա»,— ընդգծվում է հայտարարությունում։
«Մենք՝ որպես Հայաստանի քաղաքացիներ, մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած ռազմական գործողությունների սրմամբ։ Կարծում ենք, որ ագրեսիան անթույլատրելի է, իսկ միջպետական հակամարտությունները պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ»։
«Ցեղասպանության և Հոլոքոստի զոհերին» հուշարձանը բացվել է Երևանում 2006 թվականին։ Հուշարձանը գտնվում է Երևանի հենց կենտրոնում՝ Տերյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում։
Հուշարձանի հեղինակը Հայաստանի վաստակավոր նկարիչ Ռուբեն Արուտչյանն է։
Հուշարձանի կոմպոզիցիան կազմված է երկու բազալտե կոթողներից, որոնք խորհրդանշում են երկու ժողովուրդների՝ հայ և հրեա, նման ճակատագիրը։ Կոթողներին հայերեն և եբրայերեն գրված է. «Լինել, թե մոռանալ»։ Կոմպոզիցիայի կենտրոնում տեղադրված է բրոնզե ջահ, որը երեկոյան լուսավորում է հուշարձանը։
ԵՐԵՎԱՆ, օգոստոսի 10 — Sputnik։ © Sputnik / Նանա Մարտիրոսյան
