Հունվարի 17-ին տեղի ունեցավ հրեական համայնքների և տեխնոլոգիական ընկերությունների տարածաշրջանային խորհրդակցություն համացանցում հակասեմականության դեմ պայքարի վերաբերյալ, որին մասնակցեց նաև մեր համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանը։ Ինչպես այժմ ընդունված է, ամեն ինչ անցավ առցանց։
Մասնակիցները քննարկեցին հետևյալ հարցերը.
- Որո՞նք են ձեր երկրում համացանցում հակասեմականության հետ կապված հիմնական խնդիրները։
- Ինչպե՞ս է մինչ այժմ ընթացել ձեր փոխգործակցությունը տեխնոլոգիական ընկերությունների և սոցիալական ցանցերի հետ։
- Ի՞նչ գործիքներ և ռազմավարություններ են լավագույնս աշխատում համացանցում հակասեմականության դեմ պայքարում։
- Ի՞նչ կառաջարկեիք տեխնոլոգիական ընկերություններին և սոցիալական ցանցերին՝ իրավիճակը բարելավելու համար։
Ռիմմա Վարժապետյանը ներկայացրեց իր առաջարկությունները։ Ահա համառոտ նրա զեկույցի թեզերը։
Համաշխարհային ցանցը և տեխնոլոգիաները ջնջել են տեղեկատվության տարածման սահմանները, և Հայաստանը բացառություն չէ։ 2020 թվականի պատերազմը և տարբեր երկրների, այդ թվում Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումները առաջացրին վրդովմունքի և հակաիսրայելական տրամադրությունների ալիք, իսկ որպես հետևանք՝ հակասեմական արշավ համացանցում և իրական հարձակումներ, օրինակ՝ Երևանի կենտրոնում մեր համայնքի կանգնեցրած «Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության զոհերին» հուշարձանի պղծումը։ Մենք պարբերաբար շփվում ենք առաջատար լրատվական գործակալությունների հետ, որոնք լուսաբանում են մեր համայնքի գործունեությունը։
Համացանցի հանրամատչելիությունն ունի ոչ միայն դրական, այլև բացասական կողմեր։ Ցանցում տեղադրվում են անհավաստի տեղեկություններ և սիրողական վերլուծություններ, որոնք բորբոքում են կրոնական անհանդուրժողականություն և հակասեմականություն։ Հրապարակվող տեղեկատվությունը պետք է զտվի. օրինակ՝ արհեստական բանականության օգնությամբ անհրաժեշտ է հետևել աղբյուրներին, արգելափակել և կանխել նման գործողությունները։
Խորհրդակցությունից հետո կազմակերպիչները Ռիմմա Վարժապետյանին շնորհակալական նամակ ուղարկեցին.
«Հարգելի՛ Ռիմմա։ ԺՀՄԻԳ-ի (ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ), Համաշխարհային հրեական կոնգրեսի և կրոնի կամ համոզմունքի ազատության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի անունից ցանկանում ենք օգտվել այս հնարավորությունից՝ շնորհակալություն հայտնելու ձեզ համացանցում հակասեմականության դեմ պայքարի տարածաշրջանային խորհրդակցությանը ձեր ակտիվ և արժեքավոր ներդրման համար։ Հուսով ենք ապագայում համագործակցել ձեզ հետ»։
Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 1 (217) համարում, 2022 թ. հունվար։
