Թերթի այս համարը Հայաստանի հրեական համայնքի 30-ամյակի առթիվ մեր թողարկած երկու հոբելյանական համարներից մեկն է։ Դրանցում պատմում ենք համայնքի կյանքում 30 տարվա ընթացքում տեղի ունեցած կարևոր իրադարձությունների, նրա ակունքներում կանգնած մարդկանց, այն մարդկանց մասին, որոնց անուններով կարող է հպարտանալ համայնքը։
Համայնքի ակունքներում կանգնած էին երիտասարդներ, որոնք 1970-ականներից իրենց խանդավառությունը ներդնում էին հրեական կյանքի վերածննդի մեջ։ Առաջին փուլը հրեաների համախմբումն էր «Հայաստանի հրեական համայնք» հասարակական կազմակերպության շուրջ։ Դրա համանախագահներն էին Իգոր Ուլանովսկին և Գերշոն Մեիր Բուրշտեյնը։ Այդ տարիների վառ անհատականություններից էին Անատոլի Տրուցը, Ստոլբերգների ընտանիքը, Իգոր Բարսեղյանը, Սոֆա Բաղիյանը, Անդրեյ Միլմանը, Օլեգ Մարմերը։ Համայնքի ակունքներում կանգնած էին Իոսիֆ Կոզլիները և նրա կինը՝ Պոլինա Լվովնա Շապոշնիկովան, Վիլլի Վայների ընտանիքը, Իգոր Դմիտրիևիչ Զասլավսկին, Բուրշտեյնների ընտանիքը, Անատոլի Ռիվկինը, Մեժիբովսկին և շատ ուրիշներ։ Այդ մարդիկ էական ավանդ ներդրեցին մեր համայնքի կայացման գործում։ Նրանցից ոմանք մեկնեցին Իսրայել, Գերմանիա, ԱՄՆ։ Հավերժ հիշատակ նրանց, ովքեր այլևս կենդանի չեն։ Մենք խնամքով պահպանում և շարունակում ենք նրանց սկսած գործը։
«Հայաստանի հրեական համայնք» հասարակական կազմակերպության գրանցումը ՀՀ արդարադատության նախարարությունում 1991 թվականին դարձավ Հայաստանում հրեական շարժման օրինականացման գործընթացի շարունակությունը։
Ռիմմա Վարժապետյան

Արդեն 25 տարի համայնքի նախագահը Ռիմմա Վարժապետյանն է։ Ահա թե ինչ է նա գրել իր մասին մեր հրատարակած «Հայաստանի հրեաները» գրքում.
«Ես ծնվել եմ Դնեպրոպետրովսկում, հրեական ընտանիքում, որտեղ պահպանվում էին բոլոր հրեական ավանդույթներն ու սովորույթները։ Ինձ համար հրեականությունը միայն գեների և փաստաթղթերի մեջ չէ։ Այն ինձ ուղեկցել է ծնունդից՝ հրեական երգեր, իդիշ լեզու, ճաշկերույթներ, շաբաթներ, տոներ… Մեր տանը միշտ հավաքվում էին հրեա հյուրեր, և մենք մանկուց լսում էինք հրեական երգերի գեղեցկությունը։
1969 թվականին, Օդեսայում հանգստանալիս, ծանոթացա իմ ապագա ամուսնու՝ Արայիկի հետ, որը նույնպես այնտեղ էր հանգստանում։ Մեկ տարվա նամակագրությունից և զանգերից հետո նա եկավ Դնեպրոպետրովսկ և պաշտոնական առաջարկություն արեց։ Ամուսնանալով՝ մենք տեղափոխվեցինք Երևան, և ես տեղափոխվեցի Պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկայի ֆակուլտետ։ 1972 թվականին որդուս՝ Արտակի ծնվելուց հետո աշխատանքի անցա նախագծային ինստիտուտում, ապա Կապի նախարարությունում։ 1976 թվականին, երկրորդ որդուս՝ Թորգոմի ծնվելուց և դեկրետային արձակուրդից հետո, անցա «Արմպրոմմոնտաժ» տրեստ։ 1978-ից 1993 թվականներին, սկզբում որպես բաժնի պետ, ապա «Մոնտաժսպեցստրոյնալադկա»-ի տնօրենի տեղակալ, ոտքով անցել եմ ամբողջ Հայաստանը և «կյանք եմ տվել» այն ժամանակ Հայաստանում գործող գրեթե բոլոր գործարանների և ֆաբրիկաների տեխնոլոգիական սարքավորումներին։ Հիմա ցավով եմ հիշում, թե ինչպիսի արդյունաբերություն կար Հայաստանում, ինչպիսի մասնագետներ էին աշխատում այստեղ։ Ոչ առանց հպարտության կարող եմ ասել, որ երկրաշարժից հետո բառացիորեն առաջին իսկ օրերից մասնակցել եմ աղետի գոտում վերականգնողական աշխատանքներին։
Այս բոլոր տարիներին իմ կողքին է ամուսինս՝ Արա Վարժապետյանը՝ և՛ ամուսին, և՛ ընկեր, և՛ խորհրդատու շատ հարցերում։ Արայիկը շատ կրթված մարդ է. ավարտել է Երևանի համալսարանի պատմության ֆակուլտետը, աշխատել է Պատմության թանգարանում, Մշակույթի նախարարությունում, ապա եղել է Հայաստանի նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության գլխավոր խորհրդատու։ Մեր ավագ որդին՝ Արտակը, Պոլիտեխնիկական ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է բանկում որպես վարչության պետ, ապա՝ արդարադատության նախարարի խորհրդական։ Այժմ նա ապրում է ԱՄՆ-ում։ Նրա որդին՝ Արեգը, արդեն 15 տարեկան է»։
Մեր կողմից ավելացնենք, որ Ռիմմա Վարժապետյանի անփոփոխ ղեկավարության 25 տարիների ընթացքում համայնքն իրականացրել է բազմաթիվ նախագծեր, որոնց նախաձեռնողը նա էր։ Մոսկովյան և Տերյան փողոցների խաչմերուկում կանգնեցվեց «Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերին» հուշարձանը. Ռիմմա Վարժապետյանը գտավ հովանավորներ և մեծ ջանքեր գործադրեց, որպեսզի այդ նախագիծն իրականանա։ Համայնքը հրատարակեց Ալեքսանդր Պորյադոչնիի «Արծաթե թել» գիրքը 1990-ականների ղարաբաղյան պատերազմի մասին, մեր համայնքի անդամ Վալերիա Ֆլջյան-Կառլինսկայայի բանաստեղծությունների ժողովածուն, «Հայաստանի հրեական համայնքը» գիրքը մեր համայնքի մարդկանց մասին և, վերջապես, վերջերս՝ «Նոյի երկրի հրեաները» գիրքը XIX դարից մինչև մեր օրերը Հայաստանում ապրած հրեաների մասին։ Այս բոլոր նախագծերը նախաձեռնվել են Ռիմմա Վարժապետյանի կողմից և իրականացվել նրա ղեկավարությամբ։
Գերշոն Մեիր Բուրշտեյն

«Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերին» հուշարձանի հովանավորներից էր Հայաստանի գլխավոր ռաբբի Գերշոն Մեիր Բուրշտեյնը։ Նրա ընտանիքի մասին պետք է առանձին պատմել։ Բուրշտեյնների ընտանիքն ապրում էր Մոլդովայում, բայց Քիշնևի ջարդից առաջ, կարծես կանխազգալով աղետը, տեղափոխվեց Օդեսա։ Գերշոնի հայրը՝ Խաիմը, ընտանիքի իններորդ երեխան էր։ Ութերորդ դասարանից հետո նա գնաց երեկոյան դպրոց և սկսեց աշխատել՝ ընտանիքին օգնելու համար։ Խաիմին զորակոչեցին Կարմիր բանակ. 1941 թվականին նա պետք է զորացրվեր, բայց պատերազմը նրան գտավ Չիտայի ռազմական օկրուգում։ Պատերազմը նա սկսեց որպես կրտսեր լեյտենանտ, իսկ ավարտեց կապիտանի կոչումով։ Հոր հինգ եղբայրները չլքեցին Օդեսան և այնտեղ զոհվեցին իրենց ընտանիքների հետ՝ ընդհանուր առմամբ 37 մարդ, որոնցից 17-ը՝ փոքր երեխաներ։ Ինչպես հետագայում պարզվեց, դեկտեմբերին նրանց բոլոր հրեաների հետ միասին քշեցին հրապարակ, ուժեղ ցրտին ջուր էին լցնում նրանց վրա, և նրանք սառեցին։ Փախչել փորձողներին գնդակահարում էին։ Օդերի վրա մարտերում Խաիմը վիրավորվեց և միայն պատերազմից հետո իմացավ իր հարազատների ողբերգական ճակատագրի մասին։ Փրկվեցին միայն նրանք, ովքեր հասցրել էին տարհանվել՝ տատիկ Պերլը դստեր՝ Դորայի հետ Տաշքենդ, Բելլան՝ Երևան։ Հետագայում քրոջ մոտ եկավ նաև Խաիմը։ Այդպես 1957 թվականից Բուրշտեյնների ընտանիքը սկսեց ապրել Հայաստանում։
1961 թվականին ծնվեց Գերշոնը։ Նրա մանկությունն ու պատանեկությունն անցել են Երևանում, և թեև նա ծնվել էր ոչ կրոնական ընտանիքում, մեծ ճանապարհ անցավ հուդայականության ուսումնասիրության մեջ։ 1995 թվականին նա ստացավ ռաբբիի կոչում։ Ռավ Գերշոն Մեիր Բուրշտեյնը կանգնած էր համայնքի հենց ակունքներում և արդեն երկար տարիներ իր գիտելիքները փոխանցում է բոլոր նրանց, ովքեր գալիս են սինագոգ։
Վիլլի Վայներ

Հայաստանի հրեական համայնքի վառ ներկայացուցիչներից է Վիլլի Մաքսիմովիչ Վայները՝ Հայաստանի «Մենորա» հրեական մշակութային կենտրոնի նախագահը, երևանցիների հայտնի և սիրելի կոմպոզիտորը և միաժամանակ Հայաստանի լավագույն եբրայերենագետը։ 2008 թվականի սեպտեմբերի 17-ին երկրի մշակույթում երկարամյա ակնառու ավանդի համար նրան շնորհվեց Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի կոչում։ Այժմ Վիլլի Վայները ղեկավարում է նաև Երևանի պետական կամերային երգչախումբը։
Վիլլի Վայների ծնողների ընտանիքները Հայրենական մեծ պատերազմի տարիներին ծանր ճանապարհ անցան՝ տարհանում, աքսոր և համակենտրոնացման ճամբարների սարսափներ. Կիև, Ուման, Չերկասի, էմիգրացիայի տարիներ Հոլանդիայում, վերադարձ, աքսոր հեռավոր Ղազախստան, տարհանում Ղրղզստան. այդպիսի ճանապարհներով նրա ծնողները ի վերջո հասան Հայաստանի մայրաքաղաք, որտեղ նա ծնվեց 1955 թվականին։ Նա ավարտել է Չայկովսկու անվան շնորհալի երեխաների դպրոցը (1963–1974) և գերազանցությամբ՝ Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիան՝ պրոֆեսոր Ժան Տեր-Մերգերյանի ջութակի դասարանը (1974–1979)։ Նա հսկայական փորձ ունի որպես ջութակահար, ապա՝ Հայաստանի հանրային ռադիոյի և հեռուստատեսության սիմֆո-ջազ նվագախմբի մշտական հեղինակ-կոմպոզիտոր։ Նա ստեղծել է նվագախմբի համար հրեական դասական ստեղծագործությունների մի ամբողջ շարք (ավելի քան 30), որոնք ներառված են երեք հեղինակային ալբոմներում՝ «Էքսոդուս» («Ելք»), «Խալոմ» («Երազանք») և «Ամի» («Իմ ժողովուրդը»)։
ՀՀ մշակույթի նախարարության պատվերով նա հրատարակել է 15 պիեսից բաղկացած դաշնամուրային ժողովածու՝ ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Անահիտ Ներսեսյանի խմբագրությամբ, ինչպես նաև նրա կատարմամբ ձայնասկավառակ։ 2010 թվականին Մոսկվայում կայացավ Վիլլի Վայների ստեղծագործական երեկոն. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Բաշմետի ղեկավարած «Նոր Ռուսաստան» պետական սիմֆոնիկ նվագախմբի մենակատարները երաժշտական նվեր պատրաստեցին մաեստրոյի ստեղծագործական գործունեության երեսնամյակի առթիվ։ Կամերային կատարմամբ հնչեցին մեծ նվագախմբի համար գրված տասը ստեղծագործություն, և ցուցադրվեց Հայաստանում նկարահանված «Exodus by Willy Weiner» ֆիլմը կոմպոզիտորի ստեղծագործության մասին։
Գեորգի Ֆայվուշ

Մեր համայնքում կան տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ՝ բժիշկներ, ուսուցիչներ և նույնիսկ ակադեմիկոս։ Դա Գեորգի Մարկովիչ Ֆայվուշն է՝ կենսաբանական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, ավելի քան 170 գիտական աշխատության հեղինակ։ Նրա երկու ատենախոսություններն էլ նվիրված էին Հայաստանի տափաստանների ուսումնասիրությանը, նա «Հայաստանի Կարմիր գրքի» հեղինակներից մեկն է։
Բայց այստեղ ուզում ենք պատմել նրա՝ հրեականության հետ կապված գործունեության մասին։ Գեորգի Ֆայվուշը Հայաստանում հրեական պատմության, մշակույթի և ավանդույթների լավագույն գիտակներից է, իսկ Հրեական համալսարանը նրա սիրելի զավակն է, որի մեջ նա առանց չափազանցության ներդրել է իր հոգին։ Սա առավել հետաքրքիր է, որ այդ գիտելիքները նրան ժառանգաբար չեն անցել. Ֆայվուշների ընտանիքում ոչ ոք չգիտեր ո՛չ եբրայերեն, ո՛չ նույնիսկ իդիշ, հրեական թեման արգելված էր այն ժամանակվանից, երբ 1937 թվականին գնդակահարեցին Գեորգիի պապին։ Միայն 1980-ականների կեսերին, Լիտվայում հարազատներին հյուր գնալով, Գեորգին տատիկից իմացավ պապի ճակատագրի, իսկ միաժամանակ՝ որոշ հրեական սովորույթների մասին։ Դա նրան այնքան հետաքրքրեց, որ ի վերջո նա դարձավ Հայաստանում եբրայերենի լավագույն գիտակներից մեկը։ 1994 թվականին նա գլխավորեց Հրեական համայնքին կից կիրակնօրյա դպրոցը և մինչ օրս այնտեղ եբրայերեն է դասավանդում՝ ոչ միայն համայնքի անդամներին, այլև բոլոր ցանկացողներին։ Նրա երկու դուստրերն էլ ապրում են Իսրայելում, նա չորս թոռ ունի։
Շարունակությունը՝ հաջորդ համարում։
Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 7 (214) համարում, 2021 թ. սեպտեմբեր։
