Երբեք թերթի համարն այսքան դժվարությամբ չէր տրվել, որքան այս հոկտեմբերյան համարը։ Իրավիճակն այնքան վատ է, որ մենք անընդհատ սպասում էինք գոնե ինչ-որ լավ նորության, որպեսզի մի փոքր ուրախացնենք մեր ընթերցողներին։ Բայց ավաղ… ոչ մի լավ բան չի կատարվում։ Կորոնավիրուսի երկրորդ ալիքը լրջորեն տարածվեց։ Օրական արդեն մոտ 2000 դեպք է գրանցվում. այդպիսի բան չէր եղել նույնիսկ առաջին ալիքի գագաթնակետին։ Առայժմ պարզ չէ, թե ինչպես կարելի է այս ամենը կասեցնել և ինչ է լինելու հետո։
Բայց միայն դա չէ այսօրվա խնդիրը։ Արցախյան պատերազմը, ահա թե որն է ժողովրդի ամենամեծ ցավը և ողբերգությունը։ Եվ այս խնդրի լուծում չկա, կամ առայժմ չկա։ Այն, ինչ պահանջում են ադրբեջանցիները, անընդունելի է Հայաստանի համար։ 1991–1994 թվականների պատերազմում այս հողի համար այնքան կյանքեր են տրվել, որ հիմա ագրեսորի լկտի պահանջներին զիջել պարզապես կտրականապես չի կարելի։ Եվ արդեն ավելի քան 1000 երիտասարդ տղա է ընկել մարտի դաշտում։
Հայերի մարտական ոգին չի կոտրվի։ Բայց որքան սարսափելի է տեսնել զոհված տղաների ցուցակները, որոնց ծննդյան տարեթիվը սկսվում է 2000-2001-ով։
Մեր ցավն անչափ մեծ է։ Եվ այդ ցավը կապված է Իսրայելի հետ։ Նա շարունակում է զենք մատակարարել ռազմական գործողությունների գոտի՝ դրանով իսկ օգնելով մեր թշնամիներին։ Իհարկե, այս ամենն արդարացվում է նրանով, որ զենքի մատակարարման պայմանագրերը վաղուց են կնքվել, պայմանագիրը խախտել չի կարելի և այլն, բայց խաղադրույքը երիտասարդ տղաների կյանքն է։ Եվ որքան սարսափելի է գիտակցել, որ այդ արդեն 1000 զոհվածներից ինչ-որ մասն ընկել է իսրայելական արտադրության գնդակից։
Մենք սարսափելի ժամանակներ ենք ապրում։ Մեր համայնքը հարվածի տակ է։ Արդեն երկու անգամ պղծվել է մեր հուշարձանը. մեկ անգամ ներկ են լցրել, մեկ անգամ էլ հրկիզել են։ Ժողովրդի զայրույթը կարելի է հասկանալ. Իսրայելի կառավարությանն ուղղված ոչ մի կոչ, ոչ մի բողոքի ցույց չի օգնում, զենքի մատակարարումները շարունակվում են։ Բայց կուզենայի, որ մի փոքր էլ ողջամտությունը միանար։ Պետք չէ գործել միջնադարյան մեթոդներով։ Գոյություն ունեն դիվանագիտական քայլեր, որոնք պետք է կիրառվեն նման իրավիճակում։ Բայց Հայաստանը մինչ օրս չի գործադրել այդ քայլերը։ Իսրայելից Հայաստանի դեսպանի հետկանչը նվազագույնն է, որին, իմ կարծիքով, այնտեղ պարզապես ուշադրություն չդարձրին, առավել ևս, որ դեսպանատունը Իսրայելում չէր հասցրել աշխատել նույնիսկ մեկ ամիս։
Սիրելի հայրենակիցներ։ Մենք կիսում ենք ձեր ցավը, դա մեր ընդհանուր ցավն է։ Յուրաքանչյուր ընտանիքում հիմա կա մեկը, ով գտնվում է ռազմաճակատում։
Հենց հիմա մեր համայնքի անդամ, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի (ՀՌՀ) դասախոս Վլադիմիր Ռուժանսկին պատերազմում է։ Նա արդեն այնքան էլ երիտասարդ և բոլորովին էլ ոչ առողջ մարդ է, բայց կամավոր գնաց այս պատերազմին։ Այստեղ բերում ենք մի քանի խոսք, որոնք նա գրել է՝ մի քանի օր ռազմաճակատում գտնվելով։
Առաջինը և ամենագլխավորը. ոչ, ոչ թե տպավորություն, այլ համոզմունք, ընդ որում՝ հիմնված նրա վրա, ինչ ես ինքս եմ տեսել. հայերի դեմ պատերազմել ոչ ոքի չարժե. ավելի թանկ կնստի։ Հայերը հատուկ համաձուլվածքի պողպատից մարդիկ են։ Այդպիսի մարդկանց չես ծռի և չես կոտրի։ Ով չի հավատում, թող ստուգի։ Բայց անձամբ ես դա անել ոչ մեկին խորհուրդ չեմ տալիս։ Ընդ որում, խոսքը ոչ թե կանոնավոր բանակի մասին է, այլ սովորական մարդկանց, որոնք խաղաղ ժամանակ զբաղված են իրենց առօրյա գործերով։ Սակայն զինվոր դառնալով՝ այդ մարդիկ վարպետորեն են վարվում զենքի հետ, և այնպիսի տպավորություն է, որ նրանք ընդհանրապես ոչնչից չեն վախենում։ Ես նույնիսկ մտադրվել էի իմ ակնարկը վերնագրել «Անվախները»։ Թեև իրականում հայ զինվորը ոչ միայն անվախ է, այլև խելացի։ Մի խոսքով, հայերի հետ շատ ավելի լավ է ընկերություն անել, քան պատերազմել։ Հավատացեք ինձ։
Աղոթում ենք նրա և մեր զինվորների կյանքի համար։
Մեր խորին ցավով զոհվածների մեջ արդեն կա նաև մեր համայնքի անդամ՝ 23-ամյա Տիգրան Միկոյանը։ Հերոսի ընտանիքին հայտնում ենք մեր անկեղծ ցավակցությունը։
Մեր իմաստուն Սողոմոն արքան ասել է՝ «ամեն ինչ կանցնի…»։ Մենք գիտենք, որ այդպես էլ կլինի, պետք է միայն հավատալ և հուսալ։ Եվ, իհարկե, կուզենայինք, որ հաղթանակն այդքան սարսափելի գնով չտրվեր։
**********
Ես հիմա անասելի կրկնակի ցավ եմ ապրում։ Ցավում եմ կարդալ այն տղաների անունները, որոնք ընկան մարտի դաշտում արդարության համար, ցավում եմ տեսնել Արցախի ավերված տները, ցավում եմ լսել մարտի դաշտից ամենօրյա հաղորդագրությունները, որտեղ առայժմ հրադադարի նույնիսկ ակնարկ չի երևում։ Ցավում եմ, որովհետև Հայաստանն այն երկիրն է, որտեղ ապրում եմ իմ կյանքի մեծ մասը, իմ սիրտը հավերժ Հայաստանի ժողովրդի հետ է, չէ՞ որ ամուսինս հայ է, և երեխաներս կիսով չափ հայ են։ Բայց ազգությամբ ես հրեա եմ, և հոգիս չի կարող չցավել, երբ լսում եմ, որ այն մահաբեր զենքի զգալի մասը, որն օգտագործում է Ադրբեջանը, նա գնել է Իսրայելից։ Նկատեք՝ գնել է։ Զենքի վաճառքն ինքնին զզվելի երևույթ է, բայց, ցավոք, մենք ապրում ենք այնպիսի աշխարհում, որտեղ խոսքը միշտ չէ, որ կարող է լուծել հակամարտությունը, և այդ ժամանակ ստիպված են դիմել զենքի։ Եվ երբ Ադրբեջանը զենք էր գնում Իսրայելից, նա հիանալի հասկանում էր, թե ում դեմ է այն օգտագործվելու։ Բայց կա նաև այսպիսի փաստ. 2011 թվականին Իսրայելն առաջարկում էր Հայաստանին գնել իրենից և՛ զենք, և՛ անօդաչու թռչող սարքեր։ Բայց, ավաղ, դա չարվեց։ Ցավոք, ժամանակը եկավ, և դրանք պետք եկան։
Հայտնի ճշմարտությունը՝ եթե ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի, գործեց նաև այս անգամ։ Մեր թշնամու կողմը տեխնիկապես ավելի լավ պատրաստված դուրս եկավ։
Սիրելի ընկերներ, սիրելի հարազատներ։ Սարսափելի մեղքի զգացում եմ ապրում ձեր առջև, ինձ վրա եմ վերցնում նաև իմ հայրենիքի՝ Իսրայելի մեղքը։ Բայց այս գրառմամբ ուզում էի գոնե ինչ-որ կերպ բացատրել, ոչ թե արդարացնել, այլ հասցնել ձեզ, որ այս կյանքում ոչինչ առանց հետևանքների չի անցնում։ Իսկ երբ որոշումներ են կայացնում նրանք, որոնց ձեռքում է մի ամբողջ ժողովրդի կյանքը, պետք է ավելի հեռատես լինել և չհուսալ, որ ինչ-որ մեկը, ինչ-որ երրորդ երկիր ձեզ անվճար զենք կտա, բայց այն կարող է քիչ լինել այնպիսի չար և արյունարբու թշնամու դեմ, որի հետ մենք հիմա սուրբ պատերազմ ենք մղում։
Եվ չնայած ամեն ինչին՝ ՄԵՆՔ ԿՀԱՂԹԵՆՔ։
Ադելինա Լիվշից
