Համայնքի նորություններ. Հունիս 2020։ Խմբագրի խոսքը

Ահա և եկավ հունիսը՝ ամռան առաջին ամիսը, որից մենք սպասում էինք առնվազն կորոնավիրուսի իրավիճակի բարելավում։ Բայց, ավաղ… ոչ միայն բարելավում տեղի չունեցավ, այլև առանձին վերցրած Հայաստանում դեռ չի հասել այն «գագաթնակետը», որից հետո, ինչպես հայտնի է, պետք է սկսվի «սարահարթը», որից հետո էլ արդեն վարակվածների թիվը կնվազի։ Բայց… այդ ամենը դեռ ապագայում է։ Իսկ առայժմ…

Երևի մենք ինչ-որ բան այնուամենայնիվ սխալ էինք անում, եթե ինչ-որ մեկը որոշեց մեզ պատժել կորոնավիրուսի նման աղետով։

Չգիտեմ՝ կկարողանա՞նք արդյոք գիտակցել մեր սխալները, չէ՞ որ խոսքը գլոբալ ինչ-որ բանի մասին է, մի բանի, որը բառացիորեն ողջ Երկիրն է համակել։ Բայց այն, որ պետք է վերանայել մեր վերաբերմունքը միմյանց, բնության, մեզ շրջապատող աշխարհի նկատմամբ, պարզ է, դա արդեն հասունացել է։

Բայց, ավաղ… այն, ինչ շարունակում է կատարվել մոլորակի վրա, չի վկայում, որ սխալների ուղղման աշխատանքն ընթանում է։ Ո՛չ։ Ամենևին։ ԱՄՆ-ում տեղի ունեցող իրադարձությունները՝ ջարդեր, թալան, ավազակություն, այդ ամենը շարունակությունն է այն բանի, ինչի համար, գուցե, մենք կրում ենք COVID-19 կոչվող պատիժը։

Եվ ոչ միայն Ամերիկայում. մոլորակի շատ վայրերում անհանգիստ է։ Քաղաքական գործիչները շարունակում են իրենց պայքարն առաջնության համար, պայքար, որը, ինչպես կողքից է երևում, միշտ չէ, որ ազնիվ է լինում։ Իսկ իրավիճակի պատանդները միշտ մենք ենք՝ ժողովուրդը, որը միայն քաղում է այդ պայքարի դառը պտուղները։

Մեզ մոտ՝ Հայաստանում, առայժմ կորոնավիրուսի իրավիճակի բարելավման միտում չի նկատվում։ Թվերը դեռ աճում են։ Հիվանդներն ավելի ու ավելի շատ են դառնում, հիվանդանոցներում տեղերը՝ ավելի ու ավելի քիչ։ Եվ միայն լավագույն ժամանակների հույսն է փրկում լիակատար ընկճվածությունից։

Համայնքի կյանքը, չնայած ստեղծված իրավիճակին, չի սառել, այն պարզապես անցել է առցանց ռեժիմի։ Գրեթե ամեն օր Ռիմմա Վարժապետյանը ZOOM ծրագրի միջոցով խորհրդակցություններ է անցկացնում Սոխնութի,

Եվրասիական հրեական կոնգրեսի, Համաշխարհային հրեական կոնգրեսի, Եվրոպական հրեական

խորհրդարանի հետ։ Լուծվում են անապահովներին, ինչպես նաև այն մարդկանց օգնություն ցուցաբերելու հարցեր, ովքեր ցանկանում են նույնիսկ այս բարդ ժամանակ հայրենադարձվել Իսրայել կամ մեկնել այնտեղ որևէ ծրագրով։ Հունիսի 16-ին տեղի ունեցավ Համաշխարհային հրեական կոնգրեսի առցանց համաժողով, որին մասնակցեց նաև մեր համայնքի երիտասարդական թևի առաջնորդ, Համաշխարհային հրեական կոնգրեսի երիտասարդական դիվանագիտական բաժնի անդամ Թորգոմ Վարժապետյանը։

Հիշեցնենք, որ Թորգոմը նաև մեր բազմաթիվ ծրագրերի հովանավորն է։ Այսինքն՝ աշխատանքը շարունակվում է։

Լիարժեք ընթանում է նաև Հայաստանի հրեաների մասին 3-րդ գրքի ավարտման և հրատարակության նախապատրաստման աշխատանքը։ Այս ամենը կատարվում է համացանցի միջոցով։ Փառք դրա ստեղծողներին։

Սիրելի՛ ընթերցողներ։ Ամբողջ սրտով մաղթում ենք ձեզ բոլորիդ և մեզ առողջություն։ Թող այս սարսափելի աղետն անցնի մեր կողքով։ Թող աշխարհը շուտով մաքրվի այս պղծությունից, և կյանքը վերադառնա իր հունը։ Մենք հավատում ենք, որ այդպես էլ կլինի։

Իսկ առայժմ այցելեք մեր կայքը՝ www.jewish.am, և կարդացեք «Մագեն Դավիթ» թերթը։

Ա. ԼԻՎՇԻՑ