2020 թվականի աշնան վերջին ամիսը քիչ բանով էր տարբերվում նախորդ աշնանային ամիսներից։ Կորոնավիրուսի հետ նույն անլուծելի իրավիճակը, կատարվողից նույն անելանելիության զգացումը։ Միակ բանը, որ նրան տարբերեց նախորդից, այս սարսափելի պատերազմի ավարտն էր։ Եվ այստեղ չենք քննարկի պատճառներն ու հետևանքները, միայն կասենք, որ, փառք Աստծո, այն ավարտվեց, և այլևս չի թափվի երիտասարդ տղաների արյունը։ Բավական է։ Հնչեցնում են սարսափելի թվեր՝ մոտ 5000 զոհված, իսկ որքա՜ն վիրավոր և հաշմված թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն։ Չէ՞ որ այն, ինչ ստիպված եղան ապրել այդ տղաները, սարսափելի երազում անգամ չես տեսնի։ Այնպես որ ևս մեկ անգամ կկրկնեմ՝ փառք Աստծո, որ ավարտվեց, և հուսով ենք՝ երկար ժամանակով, եթե ոչ ընդմիշտ։
Անցնենք համայնքային գործերին։
Միանգամից ասեմ, որ, չնայած մեկուսացմանը, մեր աշխատանքը շարունակվում էր։ Առցանց համաժողովներ անցկացվում էին նաև նոյեմբերին, և դրանց միշտ մասնակցում էր մեր համայնքը՝ ի դեմս նախագահ Ռիմմա Վարժապետյանի։ Բացի այդ, Ռիմմա Պետրովնան մի քանի հարցազրույց տվեց։ Իսրայելի ամենահայտնի թերթերից մեկը՝ «Հաարեցը», համացանցի միջոցով հարցազրույց անցկացրեց Ռ. Վարժապետյանի հետ։ Հարցերը, իհարկե, վերաբերում էին պատերազմի իրավիճակին և դրա հետ կապված՝ հրեաների վիճակին և կատարվողի նկատմամբ մեր վերաբերմունքին։ Հասկանալի է, որ մեր նախագահը պատասխանում էր մոտավորապես այսպես. մեր համայնքը Իսրայելի մի մասն է, բայց միևնույն ժամանակ մենք ապրում ենք Հայաստանում, և այն ամենը, ինչ կատարվում է այստեղ, չի կարող ուղղակիորեն չվերաբերել մեզ։ Ահա և պատերազմը մեզ դիպավ այնպես, ինչպես Հայաստանի ցանկացած այլ քաղաքացու։ Մեր համայնքից բազմաթիվ տղաներ մեկնեցին ռազմաճակատ, և, ցավոք, նրանց մեջ առնվազն մեկ զոհված կա։
Եղավ նաև հարցազրույց «Ազգ» թերթի հետ, որը հետո վերահրատարակվեց «Առավոտ» թերթի կողմից և տեղադրվեց այդ թերթերի կայքերում։
Նոյեմբերի կարևոր, ես նույնիսկ կասեի՝ կենսական նշանակության իրադարձություններից մեկն այն էր, որ Համաշխարհային հրեական կոնգրեսը և «Սոխնութ» գործակալությունը որոշեցին առավելագույնս ապահովել մեր գրասենյակի և սինագոգի անվտանգությունը և պաշտպանությունը։ Դրա համար և՛ գրասենյակում, և՛ սինագոգում տեղադրվեց ազդանշանային համակարգ։ Դա արժե բավական մեծ գումար, բայց, գնահատելով այսօրվա Հայաստանի իրավիճակը, նրանք որոշեցին, որ դա անհրաժեշտ քայլ է։ Ինչի համար նրանց մեր մեծ շնորհակալությունը։
Ա. ԼԻՎՇԻՑ
