Գրում եմ այս գրառումը համերգից վերադառնալուն պես. դրա տոմսերը մեզ՝ Հայաստանի հրեական համայնքի ակտիվիստներիս, Խանուկայի առթիվ նվիրել էր մեր համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանը։ Գրում եմ անմիջապես, քանի դեռ չեն մարել այն հույզերը, որոնք պատել էին մեզ այդ համերգին։
Երևան էր ժամանել ֆրանսիական խումբ, որը կատարում է Շառլ Ազնավուրի երգերը։ Համերգը տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի անվան պետական ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում և կոչվում էր «Formidable! Aznavour» («Հրաշալի՜ Ազնավուր»)։
Կատարողների վարպետությունն արժանի է ամենաբարձր գնահատականի։ Համույթը բաղկացած էր ակորդեոնից, ջութակից, կոնտրաբասից, դաշնամուրից և հարվածային գործիքներից։ Ջութակահարուհին ժամանակ առ ժամանակ ձեռքն էր վերցնում ֆլեյտան, և դա նույնպես ապշեցուցիչ էր։ Իսկ մենակատարը պարզապես գերեց ամբողջ դահլիճը։ Շառլ Ազնավուրի բոլորի սիրելի և վաղուց ծանոթ երգերի նրա կատարումը նվաճեց ունկնդիրներին։ Նա հիանալի երգում էր, պարում, ստեպ էր պարում և նույնիսկ նստեց դաշնամուրի մոտ՝ ինքն իրեն նվագակցելով Ազնավուրի հայտնի «She» («Նա») երգում։
Համերգի գագաթնակետը եզրափակիչ «Քեզ համար, Հայաստան» (Pour toi Arménie) երգի կատարումն էր։ Երգը գրվել է 1989 թվականին Շառլ Ազնավուրի և Ժորժ Գարվարենցի կողմից և ձայնագրվել ֆրանսիացի հայտնի արտիստների խմբի կողմից՝ ի հիշատակ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի։
Շատ խորհրդանշական է նաև այն, որ այս համերգը տեղի ունեցավ հենց այն օրերին, երբ հրեական աշխարհը նշում է Խանուկան։ Չէ՞ որ Փարիզի օկուպացիայի ժամանակ Ազնավուրի ընտանիքը, վտանգելով իր կյանքը, փրկում էր հրեաներին և թաքցնում նրանց իր բնակարանում, և դրա համար Շառլ Ազնավուրն Իսրայելում արժանացել է Ռաուլ Վալենբերգի անվան մրցանակի։ Նա Իսրայելի մեծ բարեկամն էր։
Համերգին հնչեց նաև ջութակով հիանալի կատարված «Ա իդիշե մամե» մեղեդին։
Խումբը, որը Ազնավուրի երգերը կատարելու թույլտվություն էր ստացել հենց ինքը՝ մաեստրո Ազնավուրից, գերազանցեց մեր բոլոր սպասելիքները։ Դա իսկական մշակութային ցնցում էր։
Մեծ շնորհակալություն Ռիմմա Վարժապետյանին այսպիսի հրաշալի տոնական նվերի համար։
Ադելինա Լիվշից

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 12 (228) համարում, 2022 թ. դեկտեմբեր։
