Իսրայել պետության անկախության 77-րդ տարեդարձի առթիվ և հայ-իսրայելական հարաբերությունների խորացման նպատակով մայիսի 28-ին Երևան ժամանեց Հայաստանում Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան Ջոել Լիոնը։ Այդ կապակցությամբ տեղի ունեցավ դիվանագիտական ընթրիք՝ կազմակերպված Իսրայելի դեսպանի և Իսրայելի պատվավոր հյուպատոս Աշոտ Շահմուրադյանի համատեղ ջանքերով։
Կարևոր է նշել, որ Հայաստանը և Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ ունեն, սակայն միմյանց երկրներում դեսպանատներ չունեն։ Իսրայելը Հայաստանում հավատարմագրված է Թբիլիսիի դեսպանատան միջոցով և Երևանում ունի պատվավոր հյուպատոսություն։
Իսրայելի դեսպանն իր ելույթում անդրադարձավ հայ-իսրայելական հարաբերություններին՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև համագործակցության իրական հնարավորություն կա։
«77 տարի առաջ, չնայած բոլոր փորձություններին, հրեա ժողովուրդը վեր հառնեց աքսորի և բնաջնջման մոխիրներից՝ իր հայրենիքում վերականգնելու իր ինքնիշխանությունը։ Այս դժվարին ժամանակներում մենք ուժ ենք քաղում նաև ամբողջ աշխարհում ունեցած մեր բարեկամական կապերից, և Հայաստանն այդ բարեկամների թվում է։ Թեև մեր երկկողմ հարաբերությունները դեռ զարգացման փուլում են և զարգանում են ոչ առանց բարդությունների, ես համոզված եմ, որ համագործակցության իրական հնարավորություն կա։ Մենք միշտ չէ, որ համաձայն ենք, բայց միշտ կարող ենք խոսել միմյանց հետ, և զրույցը կարևոր է։ Մեր երկու ժողովուրդները, լինելով հնագույն ազգեր և պատմականորեն ենթարկվելով հալածանքների, գիտեն, թե ինչ է նշանակում գոյատևել՝ չնայած բոլոր փորձություններին, և ինչ է նշանակում պայքարել ինքնության, արժանապատվության և ազատության համար։ Հենց դա է փոխադարձ հարգանքի հիմքը»,— ասաց Ջոել Լիոնը։
NEWS.am լրատվական կայքի թղթակցի հետ զրույցում Հայաստանում Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան Ջոել Լիոնն ասաց. «Մենք շահագրգռված ենք Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ, դա կարևոր է մեզ համար, և ես շատ եմ հուսով, որ կգտնենք դրանք խորացնելու, մարդկանց միջև կապեր հաստատելու ուղիներ, քանի որ մենք երկու հնագույն ազգեր ենք, որոնք շատ ընդհանրություններ ունեն»։
Նա կոչ արեց ակտիվացնել համագործակցությունը բժշկության, զբոսաշրջության, մշակույթի ոլորտներում՝ հաշվի առնելով, որ նման ներուժ կա։ Դիվանագետը նկատեց, որ Հայաստանի և Իսրայելի միջև շատ քիչ ուղիղ չվերթեր կան, որոնք կարող էին հայ զբոսաշրջիկներին Իսրայել, իսկ իսրայելցի զբոսաշրջիկներին Հայաստան տեղափոխել, թեև դա միմյանց ճանաչելու և կապեր հաստատելու լավագույն միջոցն է։
Միջոցառմանը ներկայացվեց նաև 2023 թվականի հոկտեմբերի 7-ին սկսված պատերազմին նվիրված ցուցահանդես՝ բաղկացած 43 պատկերից։
Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանը հրավիրված էր դեսպանի հետ հանդիպմանը։






Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 6 (258) համարում, 2025 թ. հունիս։
