Հանգիստ Ծաղկաձորում

Ահա և ավարտվեց այս ամառը։ Պայքարը կորոնավիրուսի դեմ շարունակվում է։ Ալիքները մերթ բարձրանում են, մերթ նահանջում, ինչպես ծովում։ Եվ մենք սպասում ենք հերթական ալիքի ավարտին, բայց ամենայն հավանականությամբ մեզ սպասում են հաջորդները։ Ամեն դեպքում այդ մասին խոսում և գրում են։ Բայց ըստ էության ոչ ոք ոչինչ չգիտի։ Այս անհայտ վարակը՝ «կորոնա» գեղեցիկ անունով, իրեն անկանխատեսելի է պահում։ Այնպես որ կտեսնենք…

Բայց, չնայած կարանտինի բոլոր դժվարություններին, Հայաստանի հրեական համայնքի ակտիվիստները հրաշալի նվեր ստացան՝ եռօրյա հանգիստ Ծաղկաձորի մարզաբազայում։ Դրանք անմոռանալի երեք օրեր էին։ Կարանտինի, արտակարգ դրության, դիմակների պարտադիր կրման և այլնի այս ամբողջ խելահեղության մեջ հայտնվել դրախտային մի անկյունում, որտեղ կարելի է լիաթոք շնչել բյուրեղյա մաքուր օդը, որտեղ ծովի մակերևույթից 1825 մետր բարձրության վրա աճում են սոճիներ և եղևնիներ, և թթվածնի առատությունից կարելի է պարզապես հարբել։ Ասում են՝ համավարակի ամբողջ ընթացքում ոչ մի ծաղկաձորցի կորոնավիրուսով չի հիվանդացել, որովհետև տեղի օդը բարձրացնում է հեմոգլոբինը և բուժիչ ազդեցություն ունի իմունիտետի վրա։

Մեր թերթի էջերում ուզում ենք շնորհակալություն հայտնել նախ և առաջ Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմմա Պետրովնա Վարժապետյանին, որը միջոցներ գտավ և մասնակիորեն վճարեց մեր այս եռօրյա հանգիստը։ Հենց հիմա դա պարզապես անհրաժեշտ էր, քանի որ այն ամենը, ինչ կատարվում է շուրջը, չի կարող չանդրադառնալ մարդկանց ֆիզիկական և հոգեկան վիճակի վրա։ Խոնարհում ենք Ձեզ, Ռիմմա Պետրովնա։

Չի կարելի չասել այն մարդկանց մասին, ովքեր ապահովում էին մեր հանգիստը մարզաբազայում։ Դրանք են մենեջեր Լիլիթ Մնացականյանը և բժիշկ Անժելա Գրիգորյանը։

Իսկ եթե խոսենք սննդի մասին, ապա ոչ մի մակդիր չի բավականացնի նկարագրելու, թե ինչով և ինչպես էին մեզ այնտեղ կերակրում։ Մի խոսքով՝ հիանալի։ Մենք հրաշալի անցկացրինք այդ ժամանակը։ Շնորհակալություն մեր գիդ-կամավորին (ինչպես նա ինքն իրեն անվանեց)՝ Ռուբիկ Մովսեսյանին, որը մինի-էքսկուրսիաներ էր կազմակերպում շրջակայքով, որը նա, լինելով մարզիկ, լավ գիտի։

Մի խոսքով, հանգիստը հաջողվեց։ Հուսով ենք, որ այս կարճ երեք օրերին ստացած լիցքը մեզ կբավականացնի երկար աշնան և ընդհանրապես մինչև հաջորդ ամառ։ Գլխավորն է՝ առողջ մնալ։

Եվ մի խորհուրդ համայնքի այն անդամներին, ովքեր դեռ այնքան էլ ակտիվ չեն։ Ակտիվացե՛ք։ Եվ ձեզ նույնպես հասանելի կլինեն ուղևորություններ և այլ հաճելի անակնկալներ։

ԱԴԵԼԻՆԱ ԼԻՎՇԻՑ