Հայաստանի Հանրային հեռուստատեսության Առաջին ալիքը նկարահանում է Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մասին հաղորդաշար։ Դա առաջին անգամ չէ, բայց առավել հաճելի է, որ մեզ չեն մոռանում։ Հաղորդաշարի շրջանակում լրագրողները հարցազրույց վերցրին մեր համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանից։ Համառոտ պատմենք, թե ինչի մասին էր խոսքը։
Առաջին հերթին Ռիմմա Վարժապետյանը պատմեց, որ հրեաները վաղուց են բնակություն հաստատել Հայաստանում. պատմաբան Լեոն գրել է, որ դեռ Տիգրան Մեծը Պաղեստին կատարած արշավանքների ժամանակ մոտ հազար հրեական ընտանիք է վերաբնակեցրել Հայաստանում։ «Բայց դա վաղուց էր և առնչություն չունի մեզ՝ այսօր այստեղ ապրող հրեաների հետ։ Մեր այսօրվա համայնքը մոտ 300 ընտանիք է։ Մենք ապրում ենք հիմնականում Երևանում, բայց հրեաներ կան նաև Վանաձորում և Գյումրիում։ Համայնքի սոցիալական կազմը բազմազան է, բայց հիմնականում մտավորականներ են։ Մեր խնդիրն է պահպանել հրեական մշակույթը, ավանդույթները, լեզուն և այդ ամենը փոխանցել երեխաներին։ Մենք թերթ ենք հրատարակում, ունենք կայք, անցկացնում ենք տարբեր միջոցառումներ, բայց համավարակի պայմաններում այդ ամենը, ցավոք, շատ բարդացել է»։
Երբ խոսքը հասավ հրեական խոհանոցի ավանդույթներին, Ռիմմա Վարժապետյանն ասաց. «Հրեաներն ապրում են տարբեր երկրներում, ուստի նրանց խոհանոցը շատ բազմազան է՝ աշքենազյան, այսինքն՝ եվրոպական, մարոկկյան, բուխարական, ուկրաինական և, վերջապես, օդեսական։ Գլխավոր պայմանն առանց արյան լինելն է։ Թթվաքաղցր համը, մսայինն ու կաթնայինը չխառնելը քաշրութի ավանդույթներն են, և իրականում դա առողջության համար օգտակար ավանդույթ է։ Մեզ մոտ՝ Հայաստանի հրեաներիս, խոհանոցը հիմնականում խառն է դարձել, չէ՞ որ մեր ամուսինները հայեր են։ Բայց տոներին մենք փորձում ենք պահպանել ազգային ավանդույթները. յուրաքանչյուր տոն ունի իր ուտեստը՝ Խանուկային՝ քաղցրաբլիթներ, Պուրիմին՝ «Համանի ականջներ», Ռոշ հա-Շանային՝ խնձոր մեղրով և լցոնած ձուկ, Պեսախին՝ անպայման մացա։ Չէ՞ որ խոհանոցի, սննդի մշակույթի միջոցով նույնպես ազգային ավանդույթները սերնդեսերունդ են փոխանցվում»։
«Մեր ժողովուրդներն ունեն շատ ընդհանուր գծեր։ Մենք նույն հարգանքով ենք վերաբերվում ընտանիքին։ Դաստիարակության անխախտ գիծ է ավագների հանդեպ հարգանքը և նրանց մասին հոգ տանելը։ Հատուկ վերաբերմունք երեխաների և նրանց կրթության նկատմամբ, որից կախված է ապագան։ Հետաքրքրություն պատմության նկատմամբ և Հոլոքոստի ու Ցեղասպանության հիշատակի պահպանում։ Այս բոլոր գծերը մեր երկու ժողովուրդներինն են»։
Ռիմմա Վարժապետյանը պատմեց նաև, որ համայնքին կից գործում են կիրակնօրյա դպրոց և ուլպան, որտեղ յուրաքանչյուր ցանկացող կարող է եբրայերեն սովորել։ Համայնքում կարելի է ստանալ ցանկացած տեղեկություն Իսրայելի մասին և օգնություն՝ հայրենադարձության հարցում։ «Մենք յուրօրինակ կամուրջ ենք մեր երկրների միջև բարեկամական կապերի ամրապնդման համար»։
«Մեր ժողովուրդը բազմաթիվ փորձություններ է տարել, և հիմա էլ դրանք քիչ չեն մեր բաժին ընկնում։ Բայց ուզում եմ ավարտել Գոլդա Մեիրի խոսքերով. „Հոռետեսությունը շքեղություն է, որը հրեաները չեն կարող իրենց թույլ տալ“»։
Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 5 (212) համարում, 2021 թ. մայիս։
