ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԻՍՐԱՅԵԼՑԻ ԼՐԱԳՐՈՂԻՆ

Ղարաբաղի թեման չի իջնում ո՛չ թերթերի էջերից, ո՛չ հեռուստաէկրաններից։ Եվ դա հասկանալի է։ Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանի կարծիքն այս հակամարտության վերաբերյալ հետաքրքրում է տարբեր լրատվամիջոցների։ Ստիպված ենք լինում հարցազրույցներ տալ և պարզաբանել մեր դիրքորոշումն այս հարցում։

Ահա և վերջերս՝ հոկտեմբերի 11-ին, Ռիմմա Վարժապետյանը հարցազրույց տվեց «Ազատություն» ռադիոկայանի իսրայելցի լրագրող Արտյոմ Չեռնամորյանին։

Մի քանի հատված այդ հարցազրույցից։

 

-Տիկին Վարժապետյան, պատասխան ստացե՞լ եք այն ուղերձին, որով դիմել էիք Իսրայելի վարչապետին, նախագահին և Քնեսեթին։

-Ոչ, չենք ստացել, և մենք այն չենք սպասում, քանի որ դա նամակ չէ, այլ ուղերձ։

— Ձեր վերաբերմունքը Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին։

-Առաջին հերթին մենք վրդովված ենք Իսրայելի դիրքորոշումից՝ ռազմական հակամարտության թեժ պահին զենքի մատակարարումներից։ Խոսում եմ ՀՀՀ բոլոր անդամների մասին, նրանց վրդովմունքը և անհանգստությունը հասկանալի են, շատ ընտանիքներում տղամարդիկ կռվում են։

— Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս կարելի է լուծել այս հարցը։

-Մենք աջակցում ենք ԼՂՀ քաղաքացիներին՝ իրենց պատմական հայրենիքում ապրելու իրավունքի հարցում։ Իսկ հակամարտությունը պետք է լուծել բանակցությունների ճանապարհով և համաշխարհային հանրության կոշտ դիրքորոշմամբ՝ կանգնեցնելու Ադրբեջանի ագրեսիան, Թուրքիայի անմիջական ներգրավմամբ, որը մատակարարում է ոչ միայն զենք, այլև վարձկաններ ահաբեկչական կազմակերպություններից։

1915 թվականին աշխարհը լռում էր, և արդյունքում աշխարհը ստացավ Ցեղասպանություն և Հոլոքոստ։ Անտարբերությունը և անգործությունը հիմա կարող են հանգեցնել հերթական աղետի։ Ես բազմաթիվ հաղորդագրություններ եմ ստանում Իսրայելից և այլ երկրներից, ընկերներից և գործընկերներից, որոնք հայտնում են իրենց համերաշխությունը հայ ժողովրդի հետ։

-Ինչպե՞ս եք կարծում, ի՞նչ դիվանագիտական քայլեր պետք է ձեռնարկվեն հիմա Հայաստանի և Իսրայելի հարաբերությունները կարգավորելու համար։

Հայաստանը պետք է վերադարձնի դեսպանին Իսրայել և ստեղծի բանակցային խումբ։

Էրդողանի հայտնի հակաիսրայելական հռետորաբանությունը, ինչպես նաև Ադրբեջանի կողմում ահաբեկիչ-վարձկանների ներկայությունը պետք է ազդանշան դառնան Իսրայելի ղեկավարության համար՝ վերանայելու իր քաղաքականությունը։ Թուրքիան անվստահելի ընկեր է, ինչպես ասում են՝ թշնամիներ պետք չեն, եթե այսպիսի ընկերներ կան։