Հայաստանի հրեական համայնքի ուղերձը

05.10.2020
ք. Երևան

Իսրայել պետության նախագահ
պարոն Ռեուվեն Ռիվլինին

Իսրայել պետության վարչապետ
պարոն Բենյամին Նեթանյահուին

Իսրայել պետության Քնեսեթի նախագահ
պարոն Յարիվ Լևինին

ՈՒՂԵՐՁ

Սեպտեմբերի 27-ից Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը ենթարկվում են Ադրբեջանի դաժան ագրեսիային՝ Թուրքիայի ակտիվ օգնությամբ և անմիջական մասնակցությամբ, որն Ադրբեջանին մատակարարում է զենք և ռազմական տեխնիկա, ինչպես նաև վարձում և Սիրիայից տեղափոխում է ջիհադիստների՝ հայերի դեմ պատերազմելու համար։

Ցավոք, զինված հակամարտության թեժ պահին Իսրայելը շարունակում է Ադրբեջանին մատակարարել ռազմավարական սպառազինության ամենանոր տեսակներ։ Այսօր Ադրբեջանին մատակարարվող զենքն ընկնում է արմատական իսլամիստների ձեռքը և կիրառվում Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի խաղաղ բնակիչների դեմ։

Այս փաստերը բացասաբար են անդրադառնում ոչ միայն Իսրայելի բարի անվան, այլև ընդհանրապես հրեաների նկատմամբ վերաբերմունքի վրա և նպաստում են հայ հասարակությունում հակաիսրայելական և հակասեմական տրամադրությունների առաջացմանը, մինչդեռ մինչ այժմ Հայաստանում հրեաները հարգանք էին վայելում և երբեք հակասեմականություն չէին զգացել։

Մենք հասկանում ենք Իսրայելի ռազմավարական անվտանգության հարցերը, տնտեսական փոխգործակցության հարցերը և պայմանագրային պարտավորությունների սկզբունքները, բայց ներկայիս ճգնաժամային իրավիճակում, երբ զոհվում են խաղաղ բնակիչներ և երեխաներ, չի կարող լինել որևէ արդարացում և բացատրություն։

Շատ ցավալի է, որ հենց բազմաչարչար Իսրայելը, որն անխոնջ պայքարում է իսլամական ահաբեկչության դեմ, զենք է մատակարարում նրանց, ում կողմից կռվում են վարձկան ջիհադիստները։ Հուսով ենք, որ Իսրայելը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու հակամարտության վերաճումը համաշխարհային մասշտաբի աղետի։

Հայաստանի հրեական համայնքի անունից կոչ եմ անում Իսրայել պետության ղեկավարությանը և նրա բոլոր քաղաքացիներին հանդես գալ Ադրբեջանին զենքի մատակարարումների դադարեցման օգտին և նպաստել Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև հրադադարին և ռազմական գործողությունների դադարեցմանը։

Ռիմմա Վարժապետյան

Հայաստանի հրեական համայնքի նախագահ

Ուղերձը