Մարտի 20-ին Իսրայելի երրորդ մեծ քաղաքում՝ Հայֆայում, տեղի ունեցավ մի իրադարձություն, որը առանց չափազանցության կարելի է պատմական անվանել։ Քաղաքային իշխանությունները որոշեցին այգիներից մեկում հրապարակ բացել և այն անվանել «Հայոց ցեղասպանության հրապարակ»։ Քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկեց Ցեղասպանության պաշտոնական ճանաչման և այնտեղ հուշահամալիր տեղադրելու օգտին՝ ի հիշատակ 1915 թվականին Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի։
Հայֆան Պետախ Տիկվայից հետո Իսրայելի երկրորդ քաղաքն է, որը ճանաչեց հայ ժողովրդի ողբերգությունը և տեղադրեց համապատասխան հուշահամալիր։ Այդ առթիվ Բեն-Գուրիոնի պողոտայում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որը կայացավ՝ չնայած Թել Ավիվում Թուրքիայի դեսպանության ճնշմանը։
Արարողությանը ներկա էին Հայֆայի քաղաքապետ Էյնաթ Կալիշ-Ռոթեմը, քաղաքային խորհրդի անդամներ, Իսրայելում Հայաստանի դեսպան Արման Հակոբյանը, Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի, Երուսաղեմի «Հայ դատ» հանձնախմբի, Իսրայելի հայ համայնքի և Հայֆայի այլ համայնքների ներկայացուցիչներ։ Հատկապես հարկ է նշել, որ Հայաստանի դեսպան Արման Հակոբյանը ողջույնի խոսքով հանդես եկավ եբրայերենով։
Դեսպանն ասաց, որ Իսրայելի երրորդ մեծ քաղաքում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացումը չափազանց կարևոր է ոչ միայն Հայֆայի հայերի և Իսրայելի հայ համայնքի, այլև ամբողջ աշխարհի հայերի համար, և կարելի է վստահորեն ասել, որ ուրվագծվում է Իսրայելում Ցեղասպանության ճանաչման ճիշտ ճանապարհը։
Հայֆայի քաղաքապետ Էյնաթ Կալիշ-Ռոթեմն ասաց. «Հայֆա քաղաքը, որը դարձել է համատեղ կյանքի և ուրիշին ընդունելու խորհրդանիշ, որոշեց հավերժացնել Հայոց ցեղասպանության հիշատակը և դրանով աջակցություն հայտնել Մեծ Հայֆայի հայ համայնքին ու կիսել նրա ցավը։ Ո՞վ, եթե ոչ մենք, ենք հասկանում ողբերգության հիշողության և այն ապագա սերունդներին փոխանցելու պատմական կարևորությունը։ Մեզ՝ հրեա ժողովրդի համար, բարոյական պարտք է անտարբեր չմնալ մեկ այլ ժողովրդի նկատմամբ կատարված անարդարության հանդեպ»։



Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 3 (231) համարում, 2023 թ. մարտ։
