Հայկական և հրեական երգերի երեկո

Փետրվարի 25-ին երևանյան երաժշտասերները հրաշալի նվեր ստացան։

Մեր ընթերցողներին արդեն ծանոթ Վարսենիկ Ավանյանը (նրա մասին գրել ենք թերթի նախորդ համարներում) հանդիսատեսին ներկայացրեց հայկական և հրեական երգերից կազմված իր «Կախարդական Արևելք» ծրագիրը։ Եվ դա իսկապես կախարդական էր։

Ծրագիրը բաղկացած էր երկու մասից։ Վարսենիկ Ավանյանը և նրա կոնցերտմայստեր Վասիլ Ռոլիչը հսկայական աշխատանք էին կատարել՝ կյանքի կոչելով ամերիկացի երգչուհի Քեթի Բերբերյանի երգացանկի հայկական ժողովրդական երգերը։

Համերգին հնչեցին Ա. Հարությունյանի, Ռ. Մելիքյանի և այլոց գրած երգեր։
Երեկոյի հրեական մասը սկսվեց Շումանի «Հրեական մեղեդիներից» ստեղծագործությամբ։ Լսեցինք նաև Ֆ. Մենդելսոնի «Երուշալայիմը» և այլ ստեղծագործություններ։

Համերգի ավարտին հնչեց Մ. Ռավելի «Կադիշը» (աղոթք)։

Համերգը վարում էր ինքը՝ Վարսենիկը, յուրաքանչյուր ստեղծագործությունից առաջ պատմելով դրա ստեղծման պատմությունը։

Շատ հետաքրքիր էր։ Ուզում ենք նշել կոնցերտմայստեր Վասիլ Ռոլիչի բարձր պրոֆեսիոնալիզմը։ Վարսենիկ Ավանյանի ելույթների միջև նա նվագեց մի քանի ստեղծագործություն, որոնք պարզապես փայլուն հնչեցին։

Երեկոն մոտեցավ ավարտին, բայց ափսոս էր բաժանվել հրաշալի երաժշտությունից։
Մեր համայնքի անունից Վարսենիկ Ավանյանը գարնանային ծաղիկների հիասքանչ փունջ ստացավ։
Մաղթում ենք երգչուհուն ստեղծագործական հաջողություններ և շնորհակալություն ենք հայտնում հրաշալի համերգի համար։

Ա. Լիվշից