Հունվարի 27՝ Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օր

Հունվարի 27-ը ՄԱԿ-ն ընդունել է 2005 թվականին։ Այն ժամանակ համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Քոֆի Անանը կոչ էր արել հավերժ պահպանել Հոլոքոստի զոհերի և նացիզմի դեմ պայքարում իրենց կյանքը զոհած զինվորների սխրանքների հիշատակը։ Իսկ Հոլոքոստի հիշատակը նա խնդրել էր փոխանցել սերնդից սերունդ, որպեսզի ֆաշիզմի սարսափները չկրկնվեն։

Հենց 1945 թվականի հունվարի 27-ին Կարմիր բանակի զինվորներն ազատագրեցին Լեհաստանում գտնվող Օսվենցիմ (Աուշվից) նացիստական համակենտրոնացման ճամբարի բանտարկյալներին։ Ճամբարում կային գերիներ աշխարհի տարբեր երկրներից, սակայն նրանց մեծ մասը հրեաներ էին։ Օսվենցիմում նրանց ոչնչացնում էին անմարդկային մեթոդներով՝ այրում էին, թունավորում շմոլ գազով, սովամահ անում և գնդակահարում։ Այդ ժամանակից ի վեր հունվարի 27-ը հրեաների դեմ նացիստների սարսափելի հանցագործությունների և համակենտրոնացման ճամբարների բոլոր զոհերի հիշատակի օր է։

Օսվենցիմի բանտարկյալները

Ի՞նչ է Հոլոքոստը

«Հոլոքոստ» բառն անգլերենում (holocaust) նշանակում է ցեղասպանության ակտ, իսկ եբրայերենից թարգմանվում է որպես «աղետ»։ Այս եզրույթը նշանակում է հրեաների հալածանքն ու բնաջնջումը նացիստների կողմից՝ 1933 թվականին Հիտլերի իշխանության գալուց հետո մինչև 1945 թվականը։ Գերմանիայի հակահրեական քաղաքականության գագաթնակետը դարձան ստրկական աշխատանքը, համակենտրոնացման ճամբարների գազախցերը, զանգվածային գնդակահարությունները ֆաշիստների կողմից օկուպացված տարբեր երկրների տարածքներում (Մարսելի նավահանգիստը Ֆրանսիայում, Բաբի Յարը Կիևի մոտ՝ ԽՍՀՄ-ում, Դաուգավպիլսը և Ռիգան Լատվիայում, Վարշավայի գետտոն Լեհաստանում և այլն)։ 1933–1945 թվականներին նացիստները ոչնչացրին մոտ վեց միլիոն հրեայի, որոնք գտնվում էին գետտոներում և մահվան ճամբարներում ամբողջ Եվրոպայում։

Հոլոքոստի մասին գրվել են բազմաթիվ գրքեր, նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր, բեմադրվել են ներկայացումներ։ Ամբողջ աշխարհում ստեղծվել են Հոլոքոստի թանգարաններ։ Ամենահայտնի թանգարանները գտնվում են Գերմանիայում, Իսրայելում, ԱՄՆ-ում, Բելգիայում և Ռուսաստանում։

Հունվարի 27-ին Լեհաստանում նախատեսվում է անցկացնել հիշատակի միջոցառումներ՝ Օսվենցիմի ազատագրման 80-րդ տարելիցի առթիվ։ Մեր համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանը հրավիրված է և կմասնակցի այդ միջոցառումներին։

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 1 (253) համարում, 2025 թ. հունվար։