Հոլոքոստի հիշատակի միջազգային օրը և Օսվենցիմի ազատագրման 75-ամյակը

Հունվարի 24-ին Հայաստանի հրեական համայնքը նշեց Հոլոքոստի հիշատակի միջազգային օրը և Օսվենցիմի ազատագրման 75-ամյակը։ Այդ օրը մենք հավաքվեցինք հանրահավաքի այն հուշարձանի մոտ, որը մեր համայնքը կանգնեցրել է 2006 թվականին։

Հանրահավաքին ներկա էին ՀՀ նախագահի, վարչապետի ներկայացուցիչներ, Հայաստանում բնակվող ազգային համայնքների ղեկավարներ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան պարոն Լակոտը, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան ավագ խորհրդականը, համայնքի անդամներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և ուրիշներ։
Հանրահավաքի ընթացքում անցկացվեց Համաշխարհային հրեական կոնգրեսի «We Remember» ակցիան։ Ակցիայի նախաձեռնողը Համաշխարհային հրեական կոնգրեսն է։ Կոնգրեսի նախագահ Ռոնալդ Ս. Լաուդերը դիմեց համայնքներին։ Մեր թերթում կկարդաք նրա ուղերձը, բայց մասնավորապես կասեմ, որ մենք մեր հանրահավաքի լուսանկարները հրապարակեցինք Ֆեյսբուքում, և այդ լուսանկարներն ուղիղ եթերով ցուցադրվում էին նախկին ճամբարի դիակիզարանի բեկորների կողքին տեղադրված էկրանին՝ որպես աղետների առջև հրեա ժողովրդի գոյատևման վկայություն։

Հենց այնտեղ՝ Օսվենցիմում, հունվարի 27-ին տեղի ունեցավ հիշատակի միջոցառում, որը կազմակերպել էր Համաշխարհային հրեական կոնգրեսը, և որին ներկա էր մեր համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանը։
Բայց վերադառնանք մեր հանրահավաքին։ Բոլոր ելույթ ունեցողները՝ համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանը, կոմպոզիտոր Վիլլի Վայները, ՀՀ կառավարությանն առընթեր կրոնի և ազգային փոքրամասնությունների հարցերով վարչության պետ Վարդան Ասցատրյանը, «Իվերիա» վրացական համայնքի համանախագահ Էթերի Ցոմայան և ուրիշներ, խոսեցին այն մասին, որ հանցագործությունները չպետք է անպատիժ մնան, որ հիշողությունը պետք է պահպանի պատմության այս սարսափելի էջերը, որպեսզի նման բան այլևս չկրկնվի։ Հենց դրա համար էլ «We Remember» արտահայտությունն անգլերենից թարգմանաբար նշանակում է «Մենք հիշում ենք»։ Հիշում ենք, ուրեմն երբեք չենք մոռանա։ Եվ ամեն ինչ կանենք, որպեսզի նման բան չկրկնվի։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան պարոն Լակոտը հանրահավաքից հետո իր ֆեյսբուքյան էջում գրեց. «Հուսով ենք, որ ապագայում Հայաստանի փոքրաթիվ հրեական համայնքի կազմակերպած այս սգո միջոցառումն ավելի մեծ լսարան կհավաքի, առավել ևս, որ Հայաստանն այն երկիրն է, որն ուրիշներից ավելի է գիտակցում չմոռանալու կարևորությունը»։

Իսկ հունվարի 27-ին մեր հուշարձանին ծաղկեպսակներ դրեցին նաև Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ Արմեն Աշոտյանը և Էդուարդ Շարմազանովը, որոնք այդ օրը եկել էին հարգելու Հոլոքոստի զոհերի հիշատակը։

Ծաղկեպսակների զետեղման և մոմավառության ամբողջ արարողությունը հեռարձակվեց ազգային հեռուստաալիքներով։